Podcast- ՖինԲրոքեր. Ինչ մեթոդներով հաշվարկել ներդրումային ռիսկերը. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներդրումային ռիսկերը բազմազան են՝ գնաճից մինչև քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոններ: Ներդրումներ կատարելուց առաջ անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, ընդհանուր պատկերացում կազմել ռիսկերի ու հնարավոր շահույթի մասին:
«Արմենպրես»-ի «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը ներկայացրել է ներդրումային ռիսկերի գնահատման մեթոդները, անդրադարձել դրանց կառավարմանն ու այլ հարցերի:
- Պարոն Մկրտչյան, նախ կասե՞ք՝ ներդրումային ինչ ռիսկեր կան:
- Ներդրումային ռիսկերն, իրականում, բազմազան են: Օրինակ՝ շուկայական ռիսկը, որը կապված է ֆինանսական գործիքների տատանման հետ: Հաջորդը վարկային ռիսկն է, որը կապված է այդ ֆինանսական գործիքը թողարկողի՝ իր պարտականություններն իրականացնելու հետ: Մյուսը լիկվիդայնության ռիսկն է: Այնուհետև ինֆլյացիոն ռիսկերն են, գնաճը նվազեցնում է թե փողի արժեքը, թե ներդրումների արժեքը: Պորտֆելի շահութաբերությունը հաշվարկելիս շատ կարևոր է հաշվի առնել գնաճը: Եթե դուք ունեք, օրինակ, 5 կամ 10 տոկոս շահութաբերություն, իրական շահութաբերությունը ստանալու համար պետք է հանեք այդ ժամանակաշրջանում եղած գնաճը: Կարևոր է հաշվի առնել նաև քաղաքական ռիսկերը, աշխարհաքաղաքական փոփոխությունները, դրանք կարող են ուղղակիորեն ազդեցություն ունենալ ընկերությունների գործունեության և ամբողջ շուկայի վրա:
Վերջինն արտարժութային ռիսկն է: Արտարժույթի փոփոխություններն ուղիղ ազդեցություն ունեն թե՛ ձեր պորտֆելում եղած այդ արտարժույթով ներդրումների վրա, թե՛ այն ընկերությունների վրա, որոնց բիզնեսը կապված է արտարժույթով առուծախի հետ: Ձեր ներդրումներն այդ ընկերությունների ֆինանսական գործիքների մեջ՝ նույնպես կապված են այդ ռիսկերի հետ:
- Կա՞ն միջոցներ՝ ներդրումներ կատարելիս հաշվարկելու հնարավոր կորուստն ու շահույթը, գնահատման ի՞նչ մեթոդներ կան: Ինչպե՞ս կարելի է հաշվարկել ռիսկը, Tradernet հարթակի գործիքներն ինչպե՞ս կարող են օգնել այդ հարցում:
- Ներդրումներ կատարելուց առաջ կարևոր է վերլուծություն իրականացնել: Ռիսկերի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար պետք է հասկանալ, թե, օրինակ, ինչի նկատմամբ են զգայուն այս կամ այն ակտիվները, որոնց մեջ պատրաստվում եք գումար ներդնել, և որ ռիսկերը կարող են ամենաշատն ազդեցություն ունենալ նրանց վրա, և փորձել հասկանալ այդ ռիսկերի հավանականությունը: Կա վարիացիոն մոդելը, այն գնահատում է ռիսկերը՝ հենց ֆինանսական գործիքների տատանման հետ կապված: Այսինքն՝ տատանելիության աստիճանը հասկանալով՝ դուք կարող եք հասկանալ, թե պոտենցիալ ինչքան գումար կարող եք կորցնել, ինչ ռիսկեր եք վերցնում ձեզ վրա:
Մյուսը շուկայական մոդելն է, այն դրամական կորուստների գնահատական է տալիս հենց դրամական արտահայտմամբ, թե ինչ-որ հավանականությամբ դուք ինչ կորուստներ կարող եք ունենալ տրված ժամանակահատվածում: Ռիսկի գնահատման մյուս մեթոդը բետա գործակիցն է, որը զգայունության գնահատականն է՝ համեմատած շուկայի զգայունության, այսինքն՝ որքան մեծ է բետան, այդքան այդ ակտիվի զգայունությունն ավելի մեծ է շուկայի նկատմամբ և հակառակը: Նշեմ նաև վերջին գործոնի՝ լողացող ստանդարտ շեղման մասին: Դա գնահատում է, թե շահութաբերությունն ինչքանով կարող է փոփոխվել: Ընդհանուր առմամբ, այս մեթոդները միտված են ռիսկերի վերաբերյալ ընդհանրական գնահատական տալուն, թե ինչ ռիսկեր եք ձեզ վրա վերցնում: Գնահատականը միանշանակ չի լինելու, ոչ մի գնահատական 100-տոկոսանոց չէ:

- Ի՞նչ գործոններ կարող են ազդել ներդրումային ռիսկի մեծության վրա:
- Ռիսկերի մեծության վրա ազդող գործոնները տարբեր են: Ռիսկերի մեծությունը կախված է ակտիվների տեսակներից: Կան ակտիվների տեսակներ, որոնց մեջ ներդնելով՝ դուք տարբեր ռիսկեր եք վերցնում: Ամեն ակտիվ իր ռիսկայնության մակարդակն ունի: Օրինակ՝ պարտատոմսերն ավելի քիչ ռիսկային են համարվում, քան արժեթղթերը: Բայց նույն դասի ակտիվների մեջ բաժանում գոյություն ունի: Օրինակ՝ թոփ 50 կամ 100 ամենամեծ, ամենաստաբիլ ընկերությունների ռիսկայնությունը, բնականաբար, ավելի ցածր է, քան նոր ստարտափինը, որը նոր է ֆոնդային բորսայում սկսել շրջանառվել: Հաջորդ գործոնը, ինչպես նշեցի, պայմանավորված է քաղաքական, մակրոտնտեսական երևույթների հետ, տարածաշրջանի քաղաքական ստաբիլության հետ: Քաղաքական որոշումների ու իրադարձությունների հետ կապված՝ ռիսկերի մեծությունը կարող է փոխվել: Ստաբիլ քաղաքական ֆոն ունեցող երկրներում ներդրումների ռիսկայնությունն ավելի ցածր է: Կարևոր գործոն է նաև պորտֆելի դիվերսիֆիկացիան: Եթե պորտֆելը դիվերսիֆիկացված չէ, վատ դիվերսիֆիկացիայի պատճառով ռիսկերը կարող են մեծանալ:
- Մակրոտնտեսական միջավայրի փոփոխություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ ներդրումային ռիսկերի վրա:
- Մակրոտնտեսական գործոնները, որոնք կարող են ազդել ռիսկերի վրա, բավականին լայնածավալ են: Նույնիսկ ընկերության սեկտորից կախված՝ մակրոտնտեսական գործոնները և դրանց ազդեցության ուժգնությունը կարող է տարբեր լինել: Օրինակ՝ գոյություն ունի գնաճի օպտիմալ մակարդակ, կենտրոնական բանկերը հիմնականում գնաճի համար օպտիմալ գնահատական են ունենում: Դրանից զգալիորեն տարբերվող գնաճի մակարդակը երկարաժամկետ հեռանկարում ռիսկեր է պարունակում տնտեսության, հետևաբար՝ ընկերությունների համար:
Մանրամասների համար առաջարկում ենք լսել և դիտել պոդքաստը:
Աննա Գրիգորյան