Փոդքասթ

Podcast- ՖինԲրոքեր. Աշխարհաքաղաքական գործոնների դերը ներդրումային որոշումներում. մանրամասնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը

6 րոպեի ընթերցում

Podcast- ՖինԲրոքեր. Աշխարհաքաղաքական գործոնների դերը ներդրումային որոշումներում. մանրամասնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուկայական միտումները, աշխարհաքաղաքական փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն ֆինանսական շուկաների վրա: Ներդրումային պորտֆել կազմելիս՝ պետք է հաշվի առնել, թե աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններն են սպասվում և տնտեսություններն ուր են շարժվում: 

«Արմենպրես»-ի «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը մանրամասն անդրադարձել է ներդրումային որոշումների վրա տարբեր գործոնների ազդեցությանը: 

-Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս են շուկայի միտումները, տնտեսական ցուցանիշները և աշխարհաքաղաքական գործոնները ազդում ներդրումային որոշումների վրա:  

-Արդիական շուկայական միտումները, աշխարհաքաղաքական փոփոխություններն իրականում մեծ ազդեցություն ունեն ֆինանսական շուկաների, նաև երկրների ընդհանուր տնտեսությունների վրա: Գոյություն ունի «ցուլերի թրենդ», որն աճող թրենդն է, և «արջերի թրենդը», որը նվազող թրենդն է: Նաև գոյություն ունի ստագնացիայի թրենդը, երբ շուկաները ո՛չ աճում, ո՛չ նվազում են: Սրանք հնարավորություն են տալիս միջնաժամկետ ռազմավարությունների մշակման ժամանակ հաշվի առնել դրանք: Նաև տնտեսական ցուցանիշների իմացությունը, վերլուծությունն են օգնում ընդհանուր պատկերացում կազմել տնտեսության մասին, հասկանալ, թե տնտեսությունն ինչ ցիկլում է, ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել: Այսինքն՝ ՀՆԱ–ի, գնաճի, գործազրկության և մի շարք այլ գործոնների վերլուծությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե տնտեսությունը որ կողմ է շարժվում և ինչ կարելի է սպասել: Այսպիսով՝ տնտեսության միտումները, թրենդներն ուղիղ ազդեցություն ունեն տարբեր ոլորտների ընկերությունների վրա, կարող են կա՛մ խթանել, կա՛մ խանգարել նրանց աճին: 

Խոսեմ նաև ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրի մասին, որը շատ կարևոր է: Արտաքին շոկերը, կոնֆլիկտները, պատժամիջոցները, ցանկացած աշխարհաքաղաքական շոկ կարող է ազդեցություն ունենալ թե՛ տնտեսությունների, թե՛ տարբեր ոլորտների շուկայի բալանսի (առաջարկի և պահանջարկի հարաբերակցություն) վրա: Այս ամենին պետք է ուշադիր լինել, փորձել մոտավոր հասկանալ, թե ուր են գնում տնտեսությունները, քաղաքական փոփոխությունները՝ պորտֆել կազմելիս ճիշտ որոշում կայացնելու համար:

-Ինչպե՞ս պետք է ներդրողը հաշվի առնի այս ամենը, նա պետք է անվերջ պտտվի՞ լրահոսով, թե՞ կան դրա համար այլ, ավելի հարմար գործիքներ։

-Ամենևին էլ պետք չէ անվերջ թերթել նորությունները: Բրոքերների արդիական հավելվածները հիմա հնարավորություն են տալիս գրաֆիկների, տարբեր տեսակի զեկույցների միջոցով համառոտ կերպով ծանոթանալ շուկայի նորություններին: Օրինակ՝ կան բրոքերներ, որոնք իրենց օգտատերերին առաջարկում են այդ օրվա կամ վերջին շաբաթվա նորությունների համառոտ վերլուծությունը: Դա հնարավորություն է տալիս ավելի արագ կերպով ծանոթանալ շուկայի կարևոր նորություններին և, դրա վրա հիմնվելով, որոշումներ կայացնել: Մեր հավելվածը՝ Tradernet-ը, այդպիսի հնարավորություն ունի, այն հնարավորություն է տալիս կապ հաստատել մենեջերի հետ, խորհուրդներ հարցնել, թե, օրինակ, տարբեր նորություններ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ, այսինքն՝ ստանալ խորհրդատվություն: 

Բացի այդ՝ կան տելեգրամյան ալիքներ, որոնք հնարավորություն են տալիս համառոտ կերպով ծանոթանալ կարևոր նորությունների հոսքին, իմանալ, թե մակրոտնտեսական ինչ փոփոխություններ են եղել: 

Մեզ մոտ կա նաև հնարավորություն Telegram bot-ի միջոցով ծանոթանալ մեր վերլուծաբանների ներդրումային գաղափարներին, այսինքն՝ կարճ հաղորդագրություն է գալիս, երբ, օրինակ, մեր վերլուծաբանը պոտենցիալ է տեսնում որևիցե արժեթղթի մեջ, և ձեզ առաջարկվում է ներդրում կատարել: 

-Պարոն Մկրտչյան, իսկ որո՞նք են այժմ շուկայում նկատվող հիմնական միտումները և ինչպե՞ս կարող են դրանք ազդել տնտեսական միջավայրի վրա։

-Վերջին ժամանակներում նկատվող աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը, պատժամիջոցների նոր փուլերը, փոխարժեքների տատանումները և այլն, չէին կարող ազդեցություն չունենալ շուկաների միտումների վրա: Օրինակ՝ թվում է, որ կորոնավիրուսն արդեն անցյալում է և որևէ ազդեցություն չի կարող ունենալ, բայց իրականում, գլոբալ բեռնափոխադրումների շղթաներում դեռ այն ժամանակ առաջացած խնդիրների հետևանքները մինչև հիմա զգալի են գլոբալ տնտեսությունների բեռնափոխադրումների մեջ: 

Շուկայական արդիական թրենդների մասին խոսելիս՝ նշեմ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման թրենդը, որը շարունակում է ավելի արագ տեմպերով ներխուժել բոլորիս կյանք, նաև բիզնես: Այս թրենդը և՛ հնարավորությունն է տալիս, և՛ ստիպում է բիզնեսներին վերանայել իրենց բիզնես մոդելները՝ հետ չմնալու շուկայից: Նաև ESG կանաչ տնտեսության, կայուն զարգացման թրենդը բավականին արդիական կմնան մոտ ժամանակներս: Նաև այլընտրանքային էներգիայի ստացման եղանակների զարգացման թրենդն է հիմա արդիական: Սրանք ընդհանուր շուկայում թրենդների ընդամենը մի մասն են, որոնք ազդեցություն ունեն տնտեսության, տարբեր շուկաների վրա: 

Տնտեսության ո՞ր ճյուղերն են ամենաշատ աճն արձանագրել, որոնցո՞ւմ է աճը հապաղում, ո՞ր ոլորտների ակտիվներն են այժմ ամենահետաքրքիրը ներդրումների համար. այս և այլ հարցերի պատասխանների համար առաջարկում ենք լսել ու դիտել պոդքաստը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում