Փոդքասթ

Տաքսու վարորդները թղթային տարբերակով ՀԴՄ կտրոն չեն տրամադրի. ի՞նչ պարտականություններ է ենթադրում նոր կարգը

5 րոպեի ընթերցում

Տաքսու վարորդները թղթային տարբերակով ՀԴՄ կտրոն չեն տրամադրի. ի՞նչ պարտականություններ է ենթադրում նոր կարգը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողների համար պարտադիր է դառնում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Խոսքը ոչ թե թղթային տարբերակով կտրոնի տրամադրման, այլ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի  մասին է: GG-ին, Yandex-ին, Utaxi-ին և մյուս էլեկտրոնային հարթակներին միացած վարորդներն անհատապես որևէ տուրք, հարկ վճարելու պարտավորություն չեն ունենալու: 

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգի, վարորդներին ու քաղաքացիներին հետաքրքրող հարցերի մասին «Արմենպրես»-ն իր պոդքաստի տաղավարում զրուցել է ՊԵԿ ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Մուրադյանի հետ: 

Այսպիսով` Հայաստանում սեպտեմբերի 1-ից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային  մեքենայի  էլեկտրոնային կտրոն։  

Լիցենզավորման համար տարեկան 1 մլն դրամ տուրք է սահմանված  էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողների՝  GG, Yandex, Utaxi և մյուսների համար: Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք տաքսի ծառայություն են մատուցում GG, Yandex, Utaxi-ից և այլ հարթակներից ստացված պատվերներով, ապա Մուրադյանը պարզաբանեց, որ նրանք այդ մասով որևէ պարտավորություն չունեն: Նրանք չունեն նաև հայտարարության ներկայացման, ուղևորափոխադրման արժեքից ուղևորափոխադրման համար նախատեսված տուրքի գումարների հաշվառման ու գանձման պատասխանատվություն, այդ պատասխանատվությունը դրված է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողների վրա: 

Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոններ տրամադրելու պահանջին, ապա ՊԵԿ պաշտոնյան պարզաբանեց, որ կիրառվելու են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներ: «Դրանք շոշափելի սարքեր չեն, պարզապես էլեկտրոնային ծրագրային ապահովումներ են համապատասխան հավելվածներում: Կազմակերպություններն ուղղակի հաշվառվելու են այդ հավելվածում, և այդ էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով են գեներացնելու էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: Սովորական ՀԴՄ-ների մասին այստեղ խոսք լինել չի կարող»,–հավելեց նա:

Եթե անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող քաղաքացիները կամ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերն առանց էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողներից ստացված պատվերների են տաքսի ծառայություն մատուցում, ապա նույնպես ենթակա են լիցենզավորման, պարտավորություն ունեն կիրառելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա, գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն:

«Կազմակերպությունների կողմից ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման համար սահմանված է պետական տուրք: Տուրքի չափը կախված է նրանից, թե ինչ քանակի ավտոմոբիլներով են իրականացնում ուղևորափոխադրումը: Եթե նման գործունեությունն իրականացվում է 1-4 ավտոմոբիլներով, ապա պետտուրքի  գումարը սահմանված է 100 հազար դրամի չափով, եթե 4-ից ավելի են, ապա՝ 200 հազար դրամ:  Իսկ այն քաղաքացիները, որոնք անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեն, լիցենզիայի համար տուրքի գումար չեն վճարում»,-ասաց ՊԵԿ պաշտոնյան: 

Ե՛վ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողների, և՛ սովորական «տաքսի սերվիսների» և՛ ֆիզիկական անձանց դեպքում տաքսի ծառայության մատուցման դիմաց պետական տուրքը հաշվարկվելու է նույն սկզբունքով: 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով, անկանխիկ վճարումների դեպքում՝1.5 տոկոսի չափով: 2025 թվականի հունվարի 1-ից կանխիկ վճարումների դեպքում՝ 3․5 տոկոսի չափով, անկանխիկի դեպքում՝ 2.5 տոկոսի չափով: Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ կանխիկ վճարման դեպքում՝ 5 տոկոսի չափով, անկանխիկի դեպքում՝ 4 տոկոսի չափով: 

Հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին միանալու համար կգործարկվի բջջային հավելված, որը սեպտեմբերի 1-ից պատրաստ կլինի: Հայտարարությունը պետք է ներկայացնել միայն էլեկտրոնային եղանակով: 

Իսկ թե ինչ պատասխանատվություն է սահմանված նոր կարգը խախտելու համար, պատասխանատվությունը կրելու է վարո՞րդը, թե՞ ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը. այս և այլ հարցերի պատասխանների համար առաջարկում ենք լսել և դիտել պոդքաստը: 

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Օպերատոր՝ Հայկ Բադալյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում