Իրավունք

Նախաքննությամբ պարզվում են զենքի լիցքավորման ժամանակ ծառայակցի արձակած անզգույշ կրակոցից զինծառայողի վիրավորվելու հանգամանքները

3 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժինը պարզում է զենքի լիցքավորման ժամանակ ծառայակցի արձակած անզգույշ կրակոցից զինծառայողի վիրավորվելու հանգամանքները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2024թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի կողմից կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, առգրավվել անհարժեշտ հետքեր ու առարկաներ, նշանակվել փորձաքննություններ և հարցաքննվել են մի շարք անձինք։ 

Վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար  ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։ Բուժհաստատությունից ստացված տեղեկատվությամբ՝  զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները լիարժեքորեն պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն նաև հայտարարում է, որ զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա, իրականությանը չի համապատասխանում։   

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում