Podcast-Գիտության շաբաթ. Բլոքչեյն, Բիթքոին ու այլ ապակենտրոնացված միջոցներ. մասնագետը պատմում է ֆինանսական աշխարհի ապագայի մասին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բլոքչեյն տեխնոլոգիաների ու Web 3.0-ի զարգացումը, կրիպտոարժույթների հայտնվելը վերջին տարիներին որոշակի տեղաշարժեր են իրականացրել համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում։ Ու քանի դեռ բարձր տեխնոլոգիական, ապակենտրոնացված միջոցները փորձում են զբաղեցնել ավանդական ֆինանսական համակարգերի տեղը, շարքային քաղաքացիների համար այս բարդ պրոցեսորները այնքան էլ հասկանալի չեն։ Ի՞նչ է բլոքչեյնը, ի՞նչ նպատակով են շրջանառության մեջ դրվել կրիպտոարժույթները, ի՞նչ ապագա է սպասում ֆինանսական շուկային։ Մասնագետը պատասխանում է այս կարևոր հարցերին։
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։
Փոդքաստի նոր թողարկման հյուրն է կրիպտոգրաֆիայի մասնագետ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը։