Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս գյուղ՝ ծանոթանալու երկրաշարժի հետևանքով պատճառված վնասներին
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ օգոստոսի 13-ին աշխատանքային այց է կատարել Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։
Կարեն Սարգսյանին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանն այցելել է երկրաշարժից վնասված բնակարաններ, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց: Աղետի պատճառած վնասների չափերը հստակեցնելու նպատակով մարզպետը լսել է համայնքապետարանի և ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների ներկայացուցիչներին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամիկ Փինաչյանին, տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
Այնուհետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում նույն թեմայով խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ լսելով նրանց հաշվետվությունը ստացված ահազանգերի և համապատասխան ուսումնասիրությունների մասին։
Մեկօրյա ուսումնասիրությունների նախնական արդյունքներով՝ ահազանգերի մեծ մասը ստացվել է Երանոս բնակավայրից, որը մոտ է գտնվել երկրաշարժի էպիկենտրոնին։ Վնասներ են կրել նաև Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Վերին Գետաշեն Ծովասար, Զոլաքար, Լիճք բնակավայրերի որոշ տնտեսություններ։ Փլուզումները հիմնականում տեղի են ունեցել հողաշեն կառույցներում, իսկ ժամանակակից շինությունների ներսի կամ դրսի պատերին նկատվել են ճաքեր, ծեփաթափումներ։ Վնասվել են նաև դպրոցների ու մանկապարտեզների, մշակույթի տան շենքեր։
Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարել է ավելացնել գործող հանձնաժողովների անդամների թիվը՝ խմբում ներգրավելով նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության մասնագետներին, որպեսզի սեղմ ժամկետներում ամբողջ ծավալով գույքագրվեն աղետի պատճառած վնասները, գնահատվեն դրանց չափերը, իսկ շինությունների հետագա փլուզման ռիսկայնության դեպքում ձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Խոսրով Խլղաթյան