Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները
10 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության ֆինանսական խորհրդատու Դավիթ Չիբուխչյանը ՖինԲրոքեր փոդքաստային նախագծի շրջանակներում անդրադարձել է ֆինանսական շուկաներում և բրոքերային ընկերությունների վերահսկումն իրականացնող մարմինների, ինչպես նաև ներդրողների պաշտպանության թեմային։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ֆինանսական շուկաներում ներդրողների պաշտպանության և բրոքեր ընտրելիս կարևոր հանգամանքների մասին, Դավիթ Չիբուխչյանն առաջնահերթ համարեց ներդրողի կողմից ուշադրությունը բրոքերային ընկերության մեծությանը, փորձին, լիցենզիաների ու գրանցման առկայությանը։
Նա շեշտեց, որ այս ամենը կարևոր դեր է խաղում, որպեսզի ներդրողն իմանա, որ աշխատում է ճիշտ ընկերության հետ, որը կսպասարկի իր շահերը։
Freedom Broker Armenia-ի օրինակով ներկայացնելով հոլդինգի կամ բրոքերային ընկերության տվյալները ստուգելու գործընթացը, Չիբուխչյանը նշեց, որ ընկերություններն առաջնահերթ պետք է ստուգել ըստ իրենց աշխատելու վայրի լիցենզիայի առկայության։
«Օրինակ` Հայաստանի պարագայում Կենտրոնական բանկի կողմից բոլոր պահանջվող լիցենզիաների առկայությամբ, որից հետո եթե միջազգային մեծ ընկերություն է, պետք է նայել, թե արտասահմանում հոլդինգն ո՞ւմ կողմից է կարգավորվում։ Օրինակ՝ մեր պարագայում ԱՄՆ Արժեթղթերի կոմիտեն է, քանի որ մենք հանդիսանում ենք բաց բաժնետիրական ընկերություն, ցուցակված՝ ՆԱՍԴԱՔ-ի բորսայում։ Մեր վերահսկողությունը կատարվում է թե այդ բորսայի կողմից, ում մենք հաշվետու ենք, թե ԱՄՆ Արժեթղթերի կոմիտեի։ Շատ կարևոր է այն փաստը, որ նման ընկերություններն ամբողջովին թափանցիկ են։ Օրինակ՝ կարելի է ԱՄՆ պետական այդ կայքում տեսնել մեր եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները և ամբողջ ինֆորմացիան թե եկամուտների, թե ընկերության ծավալների ու մնացած բոլոր մանրամասների վերաբերյալ»,-պարզաբանեց փորձագետը։
Ներդրողի համար կարևոր է նաև համապատասխան հարթակի ընտրությունը՝ վեբ-ինտերֆեյսի կամ վճարային տերմինալի դեպքում։ Մասնավորապես՝ Freedom Broker Armenia-ն հիմնական աշխատանքն իրականացնում Tradernet-ի միջոցով։ Չիբուխչյանն այս հանգամանքը բացատրեց նրանով, որ առաջին հերթին շատ հարմար է ներդրողների համար։
«Նույն Tradernet-ի դեպքում կա թե բջջային հավելվածը, թե կարելի է կայքով մտնել բրոքերային հաշիվներ ու ցանկացած տեսակի գործարքներ կատարել։ Tradernet-ը մեր հոլդինգին պատկանող Freedom technologies ընկերության պրոդուկտն է, որը, բացի բրոքերային մեր հավելվածներից, այլ երկրներում, որտեղ բանկ ունենք, պատրաստում է նաև այդ հավելվածները։ Շատ կոմպլեքս, բավականին դժվար բովանդակությամբ, բայց ներդրողների օգտագործման համար շատ հեշտացված և անընդհատ գտնվում է զարգացման մեջ․շարունակ հեշտացվում ու ադապտացվում է շուկաների աշխատանքին ու ներդրողների հարմարությանը»,-հավաստիացրեց ֆինանսական խորհրդատուն։
Ներդրողների պաշտպանության գործում, ըստ մեր զրուցակցի, կարևոր դեր են խաղում կարգավորող մարմինները, որոնք վերահսկում են բրոքերային ընկերություններին։
Նրա խոսքով՝ կարգավորող մարմիններ ունեն ինչպես բոլոր երկրները, այնպես էլ՝ բորսաներ ունեցողները։
Հայաստանի դեպքում՝ կարգավորողը Կենտրոնական բանկն է։
Ինչ վերաբերում է Freedom Holding-ին, ապա նրա դուստր ընկերությունները Եվրոպայում վերահսկվում են տեղի կարգավորող մարմինների կողմից, իսկ հոլդինգն ԱՄՆ-ում՝ Արժեթղթերի կոմիտեի։
«Կարևորությունը նրանում է, որ ընկերությունները գործեն թափանցիկ, որպեսզի ցանկացած տիպի խարդախություն կամ հնարավոր խնդիրներ չառաջանան ներդրողների համար ու մարդիկ կարողանան վստահել ու վստահաբար կատարել ներդրումները»,-ասաց Չիբուխչյանը։
Բրոքերային ընկերություններ ընտրելիս ուշագրավ է նաև նրանց վարկանշավորումը, որն իրականացվում է համապատասխան կազմակերպությունների կողմից։
Մասնավորապես՝ Freedom Broker Armenia-ն, ըստ Չիբուխչյանի, S&P վարկանիշային գործակալության կողմից ստացել է «B-», որը համարվում է զարգացող ընկերության ռեյտինգ։
«Մեծ նշանակություն ունի տարիների փորձը։ Օրինակ՝ այն հանգամանքը, որ մեր ընկերությունը 2005 թվականին է հիմնադրվել և այս տարիներին միայն աճել է, ինչպես նաև, որ մենք ամբողջ աշխարհում ունենք մոտ կես միլիոն հաճախորդ այս պահին»,-պարզաբանեց փորձագետը։
Կարգավորող մարմինները մեծ դերակատարում ունեն նաև խարդախությունները կանխելու և բրոքերային ոլորտում արդար գործունեություն ապահովելու գործում։
Այդ համատեքստում, մասնավորապես, Freedom Broker Armenia-ի մասնագետները նույնպես աշխատում են խարդախությունները կանխելու ուղղությամբ։
Խարդախությունները թույլ չտալու գործընթացը, Չիբուխչյանի համոզմամբ, մի քանի տեսանկյունից պետք է դիտարկել։
Նախ՝ բորսաների աշխատանքի վերահսկման, ապա՝ հենց բաց բաժնետիրական ընկերությունների, որոնց արժեթղթերը շրջանառվում են, այնուհետև նաև՝ բրոքերների գործունեության։
«Այսինքն՝ այդ օղակներում բոլոր մարմինները հերթով վերահսկվում են՝ ամեն մեկը յուրովի, որպեսզի ոչ մի կողմից խարդախություն չթույլատրվի։ Եթե ներդրողն ինչ-որ ընկերության բաժնետոմսեր է գնում, ապա իրեն անհրաժեշտ է, որ այդ ընկերության թե ֆինանսական հաշվետվությունները, թե ինֆորմացիան դրա մասին լինի թափանցիկ, որպեսզի կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ որտե՞ղ է ներդրում կատարում և, որ այնտեղ ոչ մի խարդախության հնարավորություն չլինի այն ընկերության կողմից, որում ներդրում է կատարվում»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ համապատասխան լիցենզիաների առկայությունը կարգավորող մարմինների կողմից վերահսկումն էլ այն նպատակով են, որպեսզի անհայտ ծագման, առանց լիցենզիա ընկերությունները չտիրանան ներդրողների գումարներին և չտնօրինեն այնպես, ինչպես ցանկանում են՝ վնասելով նրանց։
Ներդրողների շահերի պաշտպանության և ֆինանսական, բրոքերային շուկայի ամբողջականության համատեքստում վերահսկողական գործառույթներ իրականացնողների թվում է նաև Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը։
Չիբուխչյանի փոխանցմամբ՝ ըստ էության այդ հանձնաժողովը վերահսկում է բորսաների, բաց բաժնետիրական ընկերությունների, բրոքերների աշխատանքը։
Դա արվում է այն նպատակով, որպեսզի այդ բոլոր գործընթացները՝ սկսած արժեթղթեր թողարկելուց վերջացրած բորսաներում շրջանառությունից ու բրոքերների կողմից այդ արժեթղթերը մատակարարելուց, ամբողջը լինի թափանցիկ և բոլոր կարգավորումներին համապատասխան։
Ֆինանսական շուկան կարգավորող, բրոքերային ոլորտի ամբողջականությունն ու ներդրողներին պաշտպանությունն իրականացնող մարմիններից է FIN-RA-ն, որն ԱՄՆ-ում իրականացնում է ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունների ու մասնագետների՝ ֆինանսական խորհրդատուների լիցենզավորումը։
«Իմ սեփական փորձից գիտեմ՝ ցանկացած գործառույթ, որը կատարվում է ֆինանսական խորհրդատուի կողմից, ամբողջը FIN-RA-ի վերահսկողության ներքո է։ Ցանկացած խորհրդատու պետք աշխատի ի օգուտ ներդրողի։ Այսինքն՝ ցանկացած որոշում, որը կայացվում է, խորհուրդ, որ տրվում է, պետք է առավելագույնն արվի այն համատեքստում, ինչն ամենաշահավետն է ներդրողի համար, այլ ոչ թե ընկերության կամ հենց իր՝ ֆինանսական խորհրդատուի»,-հավաստեց փորձագետը։
Նախքան բրոքերային ընկերության հետ համագործակցելը, թափանցիկության ապահովման, խթանման և ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման կարևոր հանգամանք են հանդիսանում բացահայտման պահանջները, ինչը երկկողմ պարտականության բնույթ է կրում։
«Երբ բրոքերային ընկերությունն իր մոտ հաշիվ է բացում ինչ-որ ներդրողի համար, ապա պետք է ստուգի և իմանա, որ այն կողմում բարեխիղճ հաճախորդ է, այլ ոչ թե մեկը, ով նպատակային խարդախություններ է ցանկանում անել հետագայում։ Թեև հաշիվներն ու դրանցով հնարավոր գործողությունն այնքան խիստ վերահսկվող են, որ գործնականում խարդախությունները գրեթե անհնար են, բայց ինչ -որ ռիսկեր մնում են»,-բացատրեց Չիբուխչյանն՝ ավելացնելով, որ նույն կերպ ընկերությունն է իրականացնում թափանցիկ գործունեություն ներդրողների համար։
Մինչև ներդրումային որոշում կայացնելը կարևոր է, որպեսզի ներդրողները տեղյակ լինեն բրոքերային կամ ֆինանսական շուկաները կարգավորող շրջանակի մասին։
«Օրինակ՝ պետք է հասկանալ, որ եթե աշխատում եք ինչ-որ բրոքերային ընկերության հետ, արդյոք այն ուղիղ միջնորդ է հանդիսանում ձեր և բորսաների միջև։ Շատ դեպքերում լինում են փոքր ընկերություններ, որոնք իրենց հերթին օգտվում են ինչ-որ այլ ընկերությունից և այդպես երկար շղթա է կառուցվում ներդրողի ու բորսայի միջև։ Ինչքան այդ շղթան կարճ է, ինչքան ուղիղ են ներդրումային յուրաքանչյուր գործարքի ճանապարհները, այնքան, բնականաբար, թե միջնորդավճարների տեսքով են շահում ներդրողները, թե ավելի ճիշտ են կատարվում գործարքները»,-ասաց ֆինանսական խորհրդատուն՝ շեշտելով, որ ինչքան կարճ է ընտրված բրոքերային ընկերության աշխատանքի այդ շղթան, այնքան օգուտ ներդրողին։