Փոդքասթ

«AI4ALL» կրթական նոր ծրագիրը մարզերում բնակվող երիտասարդներին կծանոթացնի արհեստական բանականության գործիքներին

5 րոպեի ընթերցում

«AI4ALL» կրթական նոր ծրագիրը մարզերում բնակվող երիտասարդներին կծանոթացնի արհեստական բանականության գործիքներին

 ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց առաջ են գալիս նոր գիտելիքների զարգացման առաջնահերթություններ: 

Նոր մարտահրավերներին և տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլելու և մարդկանց  գիտելիքները հարստացնելու համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) մեկնարկել  է «AI4ALL» կրթական նոր նախաձեռնություն, որի   նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին արհեստական բանականության տարբեր գործիքներին ծանոթացնելը: 

«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի հետ: 

Նա նշեց՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկել է «AI4ALL՝ արհեստական բանականությունը բոլորի համար» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել արհեստական բանականության տարբեր գործիքներին՝ հնարավորություն տալով սովորել նոր մասնագիտություն կամ կիրառել դրանք ներկայիս աշխատանքում։

«Այժմ արդեն բոլորը խոսում են արհեստական բանականության մասին, և շատ մարդիկ, այդ թվում՝ երիտասարդները, չեն պատկերացնում AI-ը իրենից ինչ է ներկայացնում կամ ինչ առկա գործիքակազմ կա, որ հնարավոր է օգտագործել նոր բաների մեջ հմտանալու, ստեղծագործելու, սովորելու և  դասավանդելու  նպատակով:  

Այդ իսկ պատճառով ծրագիրը միտված է Հայաստանի մարզերի բոլոր բնակիչների, մասնավորապես երիտասարդների համար տարբեր գործիքակազմեր ներկայացնելուն: Մշակել ենք թե՛ օնլայն, թե՛ կենդանի ձևաչափով դասընթացներ տարբեր թեմաներով: Օնլայն  ձևաչափով դասընթացը  հասանելի է բոլոր մարզերում, իսկ  օֆլայնը՝ դեռևս միայն Շիրակում և Լոռիում, բայց առաջիկայում այլ մարզեր ևս կընդգրկվեն»,- ասաց Հարությունյանը: 

Նա ընդգծեց՝ ներկայում արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս զարգացնել մասնագիտական և թվային հմտությունները տարբեր ոլորտներում՝ դիզայն, մարքեթինգ, ծրագրավորում, ուսուցում, խաղային արվեստ և այլն: Նախաձեռնության շրջանակում նախատեսվում են դասընթացներ, աշխատարաններ և վեբինարներ, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին հարստացնել իրենց գիտելիքները և ավտոմատացնել աշխատանքային որոշ գործընթացներ: 

Բելլա Հարությունյանը նշեց, որ «AI4ALL»՝ արհեստական բանականությունը բոլորի համար» նախաձեռնության շրջանակում շարունակվում է  դասընթացների ու աշխատարանների մասնակցության հայտերի ընդունումը։ Կազմակերպիչները բոլորին խրախուսում են լրացնել հայտը և միանալ հաջորդ փուլերին:  

«Այսինքն, առաջին փուլի  հայտերի գրանցումն ավարտվել է, դասընթացներն արդեն մեկնարկել են, բայց նախաձեռնությունը շարունակաբար լինելու է, մենք հայտերը այժմ ընդունում ենք նոր մեկնարկող նախագծերի համար: Ծրագրի մեծ և ամբիցիոզ նպատակն է ամբողջ հանրապետությունում այս հնարավորությունը բոլորին հասանելի դարձնել, քանի որ արհեստական բանականությունը նոր լեզու է, որին պետք է մեր հասարակությունը տիրապետի՝ աշխարհին զուգահեռ քայլելու համար»,-նշեց նա:

Երևի թե ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործիքակազմը նախնական տեխնիկական ոչ մի գիտելիք չի պահանջում, մասնակիցներից ակնկալվում է ցանկություն և ժամանակ: Դասընթացի վերջում, բնականաբար, որոշակի ուսումնասիրություններ իրականացնելու ենք՝ հասկանալու համար դասընթացի արդյունավետությունը: 

Դասընթացների  տևողությունները տարբեր են՝ կախված ուղղություններից, բայց տևելու են մոտ մեկ ամիս՝ շաբաթական 2-3 օր ծանրաբեռնվածությամբ: 

Նախաձեռնության մանրամասների, դասընթացներին և աշխատարաններին դիմելու կարգի և այլ մանրամասների համար հետաքրքրվողները կարող են դիմել՝ նամակ գրելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +374 11 21 97 97 հեռախոսահամարով։

Զրույց ամբողջությամբ լսեք Podcast-ում 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում