Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

11 րոպեի ընթերցում

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկային համակարգը Հայաստանում ամենակայացած ֆինանսական ինստիտուտներից է, այնուամենայնիվ, ստեղծվում են նաև ֆինանսական ներդրումների շատ այլ հնարավորություններ, որոնք գնալով էլ ավելի են զարգանում ու հասանելի դառնում հանրությանը։ 

Այս մասին  «Արմենպրես»-ի ՖինԲրոքեր պոդքաստային նախագծի շրջանակներում ասաց ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանն՝ անդրադառնալով ներդրումային հիմնական գործիքներին և դրանց առանձնահատկություններին։

MXO_3249.JPG

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ներդրող, ելնելով իր ռազմավարական քարտեզից և գործողությունների պլանից, ընտրում է իրեն համապատասխան գործիքներ։ 

«Միշտ ռիսկերն ու եկամուտներն իրար համընթաց են։ Եթե կա ցածր ռիսկայնություն, ապա եկամուտներն էլ համապատասխան են, այսինքն՝ ցածր։ Բանկային ավանդները Հայաստանում, կարելի է ասել, ամենակայուն, ցածր ռիսկայնությամբ, միաժամանակ՝ չէի ասի, որ բարձր եկամտաբերությամբ ակտիվ են։ Չնայած բանկային համակարգը մեզ մոտ ամենակայացած ֆինանսական ինստիտուտներից մեկն է՝ այնուամենայնիվ, ստեղծվում են շատ ուրիշ հնարավորություններ, որոնք գնալով էլ ավելի են զարգանում ու դառնում հասանելի մեր հանրությանը։ Կուզենայի շեշտել պարտատոմսերի գործիքը, որը շատ տարածված է ու գնալով ավելի մեծ տարածում է գտնում»,-ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է  ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների թողարկած պարտատոմսերին։ Որպես կարևոր ներդրումային գործիք նա նշեց նաև բաժնետոմսերը, որի շուկան Հայաստանում գնալով զարգանում է։

 Մասնավորապես՝ Freedom Broker Armenia-ն հնարավորություն է ընձեռում Հայաստանից ներդրումներ կատարել արտասահմանյան՝ ամերիկյան, եվրոպական, չինական շուկաներում։ 

Բացի բաժնետոմսերից ու պարտատոմսերից, ըստ մեր զրուցակցի, կան նաև ներդրումային ֆոնդեր, որոնք կոլեկտիվ ներդրումների տեսակներ են։ 

Մելքոնյանն առանձնացրեց նաև կրիպտոարժութային ներդրումները, այն համարելով ներդրումային նորաձև տեսակներից մեկը, ինչը նույնպես մեծ տարածում գտավ Հայաստանում և ողջ աշխարհում։ 

Խոսելով բաժնետոմսի էության և դրա՝ ընկերության նկատմամբ ներդրողին սեփականության իրավունք տալու առանձնահատկության մասին, փորձագետը նախ պարզաբանեց, որ բաժնետոմսը փաստաթուղթ է, որը վկայում է ներդրողի սեփականության իրավունքը այն թողարկած կազմակերպության նկատմամբ։

«Երբ կազմակերպությունը դառնում է հանրային, թողարկում է բաժնետոմսեր, և մարդիկ, որոնք ձեռք են բերում դրանք, որոշակի չափով դառնում են այդ ընկերության, կարելի է ասել, սեփականատեր։ Այսինքն՝ իրավունք ունեն մասնակցելու բաժնետերերի ժողովին, կայացնելու որոշումներ՝ կազմակերպության հետագա քայլերի հետ կապված»,-մանրամասնեց Մելքոնյանը։

Բաժնետոմս ձեռք բերող ներդրողը հնարավորություն ունի  ստանալ դիվիդենտ և ամենակարևորը, որ բացակայում է դասական բիզնեսում, բաժնետոմսերը շրջանառվում են շուկայում և ունեն համապատասխան գին։

«Դասական պահանջարկի և առաջարկի մոդելով դրանց գինն անընդհատ  տատանվում է։ Դրանից ելնելով՝ ներդրողները կարող են դիվիդենտ ստանալ ոչ միայն որպես բիզնես սեփականատեր, այլ նաև բաժնետոմսի գների տատանման արդյունքում․ այսինքն՝ գնել բաժնետոմսը, արժեթուղթը, երբ այն ունի համեմատաբար ցածր գին, վաճառել, երբ ավելի թանկ է»,-նշեց Freedom Broker Armenia-ի մասնագետը։ 

Ներկայացնելով արժեթղթի մեկ այլ տեսակ համարվող պարտատոմսի առանձնահատկությունը՝ նա նշեց, որ դրա ձեռքբերման դեպքում ներդրողին և այն թողարկողին կապում են պարտքային փոխհարաբերությունները։

«Այսինքն էմիդենտը՝ կազմակերպությունը կամ պետությունը, թողարկելով պարտատոմս, փաստացի հայտարարում են այն մասին, որ պարտքով ինչ-որ չափի գումար են ուզում վերցնել։ Օրինակ՝ որևէ կազմակերպություն, եթե թողարկում է 1 միլիոն դոլար արժողությամբ պարտատոմսեր մեկ տարով և 10 տոկոս կուպոնային եկամտով, ապա դա կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ․ կազմակերպությանը պետք է 1 մլն դոլար, որը վերադարձվելու է ներդրողներին մեկ տարի հետո, և նրանց պարգևավճարը կազմում է այդ կուպոնային եկամուտը։ Սա ավելի կոնսերվատիվ, ապահովագրված ցածր ռիսկային գործիք է։ Այստեղ ամեն ինչ ֆիքսված է՝ հիմնական գումարը, կուպոնայինը, որ տրվելու է, և ժամկետը»,-ընդգծեց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ պարտատոմսերը բաժնետոմսերի նման նույնպես շրջանառվում են բորսաներում և ունեն իրենց գինը, որը շուկայում որոշվում է։ Կան երկարաժամկետ՝ 20-30 տարով պարտատոմսեր, որոնք հնարավոր է առանց ժամկետի ավարտին սպասելու վաճառել։ Ամենակայուն պարտատոմսերը, ըստ մասնագետի, համարվում են գանձապետական՝ պետական պարտատոմսերը։ 

Գործում են համապատասխան վարկանշային կազմակերպություններ, որոնք վարկանիշ են տալիս պարտատոմսեր թողարկող պետություններին ու կազմակերպություններին։ Ըստ այդմ՝ ինչքան բարձր է վարկանիշը և նրանք ճանաչելի են միջազգային կազմակերպությունների կողմից, այնքան ավելի ցածր է նրանց առաջարկած կուպոնը, իսկ որքան ռիսկային է համարվում կազմակերպությունը, համապատասխանաբար բարձր է կուպոնը։

Ինչ վերաբերում է ներդրումային ֆոնդերին, մեր զրուցակցի հավաստմամբ՝ դրանց մեծ բազմազանություն կա։ 

Ամենատարածվածներից են փոխադարձ ֆոնդերը, որոնք կոլեկտիվ ներդրումային սխեմաների տեսակ են։ 

«Այսինքն՝ ներդրողն ինքնուրույն չի որոշումներ կայացնում ու ներդրումներ կատարում։ Նա և իր նման ուրիշներն ընտրում են ֆոնդը և ներդնում իրենց միջոցները։ Ստեղծվում է մեծ ֆինանսական աղբյուր, որը պրոֆեսիոնալ կառավարիչների կողմից ներդրվում է տարբեր ակտիվներում»,-բացատրեց փորձագետը՝ շեշտելով, որ այս պարագայում կարևոր նրբությունը ֆոնդ ընտրելն է, որովհետև փոխադարձ ֆոնդերը շատ են ու բավականին  տարբեր։ Յուրաքանչյուր նման ֆոնդի կայքում հնարավոր է համապատասխան բաժնում գտնել և ուսումնասիրել, թե ինչ ակտիվների մեջ են ներդրում կատարվում, հասկանալ՝ հետաքրքիր ե՞ն արդյոք այն ակտիվները, ոլորտները որոնցում ֆոնդը ներդրում է կատարում։ 

Փոխադարձ ֆոնդերի առավելությունը մասշտաբների մեջ է, քանի որ նույնիսկ փոքր ներդրումներից հսկայական պորտֆելներ են գոյանում, որոնց շնորհիվ պրոֆեսիոնալ կառավարիչները  կարող են դիվերսիֆիկացված ներդրումներ կատարել տարբեր ակտիվներում։ 

Ներդրումային պորտֆելներում իրենց բնույթով ինքնատիպ ու հետաքրքիր ակտիվ են ETF ֆոնդերը։

 Խոսելով դրանց նպատակի մասին՝ Մելքոնյանը բացատրեց, որ արժեթղթերի շուկայում գոյություն ունեն ինդեքսներ, ինչպիսին օրինակ՝ S&P 500-ն է, որտեղ ներառված են ԱՄՆ 500 խոշորագույն կազմակերպությունները՝ արտացոլելով երկրի տնտեսության 80 տոկոսի կոմուլյատիվ շարժը։

 Դրան հետևելու դեպքում կարելի է հասկանալ՝  ԱՄՆ տնտեսության 80 տոկոսն աճո՞ւմ է, թե՞ նվազում։ 

«Ինդեքսներն իրենցից ներկայացնում են վիրտուալ պորտֆել։ Այսինքն՝  S&P 500-ի մեջ մտնում են այդ 500 կազմակերպությունների բաժնետոմսերը, ու դրանք առցանց հրապարակված են։ Մենք կարողանում ենք տեսնել դրանց  միջինացված գինն աճո՞ւմ է, թե՞ նվազում։ Եթե այդ 500-ից մեկի մոտ ինչ-որ ճգնաժամային իրավիճակ է՝ վատ վաճառք, ինչ-որ կազմակերպությունների հետ կապված խնդիր և այլն, մենք կարող ենք նայել S&P 500-ի ինդեքսին՝ հասկանալու համար այդ խնդիրը համընդհանո՞ւր է, թե՞ միայն 1-2 կազմակերպություններին է բնորոշ»,-պատմեց Մելքոնյանը։

Նրա բնորոշմամբ՝ աշխարհում փոքրաթիվ մարդիկ կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել այդ բաժնետոմսերը, քանի որ այն բավականին թանկարժեք պորտֆել է։ Արդյունքում՝ ստեղծվեց ETF ֆոնդի գաղափարը։  

Այն իրենից ներկայացնում է կոլեկտիվ ներդրումային գործիք, որը ներդրում է կատարում կոնկրետ ինչ-որ ոլորտի, ապրանքի կամ ինդեքսի մեջ՝ ուղիղ կրկնելով ինդեքսի կամ բազային ակտիվի գնի տատանումները։ 

«Այսինքն՝ S&P 500-ի մեջ ներդրում կատարող ETF ֆոնդի բաժնետոմսերը ուղիղ կորելացված են հենց S&P 500-ի հետ։ Եթե վերջինս աճում է 5 տոկոսով, իրեն կրկնող ETF ֆոնդի բաժնետոմսերն ընկնում են 5 տոկոսով կամ՝ հակառակը։ ETF ֆոնդերն իրենցից ներկայացնում են բաց բաժնետիրական կազմակերպություններ, որոնք հրապարակված են բորսաներում և իրենց բաժնետոմսերը հնարավոր է ձեռք բերել այնպես, ինչպես ձեռք ենք բերում ինչ- որ բազային ակտիվի բաժնետոմս, որն այլ պայմաններով հնարավոր չէր»,-ասաց Մելքոնյանը։

 Ըստ նրա՝ ETF և փոխադարձ ֆոնդերը տարբերվում են իրենց նպատակներով։ 

«Փոխադարձ ֆոնդի  նպատակը հավաքագրված ֆինանսական միջոցներից եկած եկամուտն ադեկվատ ռիսկի պայմաններում մաքսիմիզացնելն է, իսկ ETF-ինը՝ ինչ-որ ինդեքս, ապրանքի կամ ինչ-որ բազային ակտիվի գինը կրկնելը։ Տարբեր են նաև ձեռք բերելու մեխանիզմները։ Փոխադարձ ֆոնդերի մասնակից հնարավոր է դառնալ միայն օրվա վերջում, երբ զուտ ակտիվների գնով հաշվարկված են փայերը, իսկ  ETF-ի դեպքում, երբ շուկան բաց է»,-հայտնեց Մելքոնյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ավելի տարածված են ETF ֆոնդերը, քանի որ դրանք համարվում են ավելի կոնսերվատիվ գործիք, քան բաժնետոմսերը։ 

Բաժնետոմսի դեպքում ռիսկը կոնսոլիդացված է մեկ բաժնետոմսում, իսկ S&P 500-ի ETF ֆոնդում ներկայացված է 500 կազմակերպություն, ինչը նշանակում է, որ ներդրման մեկ գործարքով ռիսկն արդեն բաշխվում է դրանց մեջ։ 

Փորձագետը ETF ֆոնդում ներդրումը համարում է բավականին գրագետ բաշխված պորտֆել այն մարդկանց համար, ովքեր ժամանակ չունեն կամ չեն ցանկանում ռիսկի դիմել և ինքնուրույն պորտֆել հավաքել։ 

Մանրամասները՝ տեսանյութում և պոդքաստում։

 

 

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Փոդքասթ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Փոդքասթ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ  Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջով

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում