Իրավունք

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՀՀ քննչական կոմիտե

2 րոպեի ընթերցում

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՀՀ քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժնից 2024թ. հոկտեմբերի 6-ին ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են համապատասխան փաստաթղթերը, կատարվել է դիակի արտաքին զննություն, փորձագետների մասնակցությամբ վերցվել են փորձանմուշներ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաթմրաբանական փորձաքննություններ։ Հարցաքննվել են ինչպես դեպքի օրը, այնպես էլ՝ դրանից առաջ կրակային դիրքում ծառայություն իրականացրած զինծառայողները։

Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն՝ դեպքի իրական հանգամանքները և վարույթի համար այլ նշանակություն ունեցող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում