ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ստորագրելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանին հստակ ու ամուր ուղերձ է համարում, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ։
Ջոն Ինյարիտուն նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում` անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Երևանը պատրաստ է և առաջարկում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն արդեն իսկ կողմերի միջև համաձայնեցված կետերով, ապա շարունակել բանակցությունները մնացած առավել խնդրահարույց հարցերի շուրջ։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի վարչապետի առաջարկն արտացոլում է խաղաղության և հանձնառության վրա հիմնված ռազմավարություն։ Իմ կարծիքով՝ այս մոտեցումն ընդգծում է Հայաստանի՝ որպես ժողովրդավարական պետության կարգավիճակը, որը ձգտում է լուծել հակամարտությունները խաղաղ և դիվանագիտական ճանապարհով»,-նշել է իսպանացի պատգամավորը՝ միաժամանակ շեշտելով, որ Երևանն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում՝ առաջ տանելու բանակցությունները և կառուցելու խաղաղ ապագա տարածաշրջանի և միջազգային հանրության համար:
Ջոն Ինյարիտույի դիտարկմամբ՝ հայկական կողմի նման առաջարկը նպատակ ունի խուսափել լարվածությունից և երաշխավորում է, որ մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը չխաթարվի մնացած հարցերի շուրջ տարաձայնությունների կամ Ադրբեջանի կողմից շարունակական սադրանքների պատճառով:
«Հայաստանի դիրքորոշումը նաև արտացոլում է վստահությունը շարունակական երկխոսության նկատմամբ՝ լուծելու ավելի բարդ խնդիրներ և զերծ մնալու սաստիկ առճակատումից: Այն համահունչ է դիվանագիտական արժեքներին, որտեղ հակամարտությունները լուծվում են քննարկման, այլ ոչ թե ուժի միջոցով», - նկատել է իսպանացի պատգամավորը:
Ինյարիտուն համարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկը միջազգային քաղաքականության ավելի լայն համատեքստում պրագմատիկ քայլ է, որն ամուր ուղերձ է այն մասին, որ Հայաստանը լրջորեն է տրամադրված խաղաղության հասնելու հարցում:
«Այն կարող է նաև պատասխանատվությունը տեղափոխել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու իր նվիրվածությունը խաղաղությանը և կարող է խրախուսել միջազգային հանրության ավելի մեծ ներգրավվածությունը գործընթացին աջակցելու համար,- եզրափակել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն:
Դավիթ Մամյան