Քաղաքականություն

Ինյարիտուն պրագմատիկ քայլ է համարում Հայաստանի առաջարկն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Ինյարիտուն պրագմատիկ քայլ է համարում Հայաստանի առաջարկն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ստորագրելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանին հստակ ու ամուր ուղերձ է համարում, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ։ 

Ջոն Ինյարիտուն նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում` անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Երևանը պատրաստ է և առաջարկում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն արդեն իսկ կողմերի միջև համաձայնեցված կետերով, ապա շարունակել բանակցությունները մնացած առավել խնդրահարույց հարցերի շուրջ։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի վարչապետի առաջարկն արտացոլում է խաղաղության և հանձնառության վրա հիմնված ռազմավարություն։ Իմ կարծիքով՝ այս մոտեցումն ընդգծում է Հայաստանի՝ որպես ժողովրդավարական պետության կարգավիճակը, որը ձգտում է լուծել հակամարտությունները խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով»,-նշել է իսպանացի պատգամավորը՝ միաժամանակ շեշտելով, որ Երևանն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում՝ առաջ տանելու բանակցությունները և կառուցելու խաղաղ ապագա տարածաշրջանի և միջազգային հանրության համար: 

Ջոն Ինյարիտույի դիտարկմամբ՝ հայկական կողմի նման առաջարկը նպատակ ունի խուսափել լարվածությունից և երաշխավորում է, որ մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը չխաթարվի մնացած հարցերի շուրջ տարաձայնությունների կամ Ադրբեջանի կողմից շարունակական սադրանքների պատճառով: 

«Հայաստանի դիրքորոշումը նաև արտացոլում է վստահությունը շարունակական երկխոսության նկատմամբ՝ լուծելու ավելի բարդ խնդիրներ և զերծ մնալու սաստիկ առճակատումից: Այն համահունչ է դիվանագիտական ​​արժեքներին, որտեղ հակամարտությունները լուծվում են քննարկման, այլ ոչ թե ուժի միջոցով», - նկատել է իսպանացի պատգամավորը: 

Ինյարիտուն համարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկը միջազգային քաղաքականության ավելի լայն համատեքստում պրագմատիկ քայլ է, որն ամուր ուղերձ է այն մասին, որ Հայաստանը լրջորեն է տրամադրված խաղաղության հասնելու հարցում: 

«Այն կարող է նաև պատասխանատվությունը տեղափոխել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու իր նվիրվածությունը խաղաղությանը և կարող է խրախուսել միջազգային հանրության ավելի մեծ ներգրավվածությունը գործընթացին աջակցելու համար,- եզրափակել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն:

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում