3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SeeFree ստարտափը խելացի ակնոցի միջոցով կույր և կիսակույր մարդկանց հնարավորություն կտա առօրյա կյանքում խուսափել մի շարք խոչընդոտներից՝ օրինակ, հեշտությամբ ճանաչել կարևոր օբյեկտները, դեմքերը, տեքստ կարդալ, տրանսպորտից օգտվել։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին ԴիջիԹեք-ի բացմանը SeeFree ստարտափի հիմնադիր Դավիթ Գրիգորյանն ասաց՝ ակնոցն աշխատելու է արհեստական բանականության միջոցով։
«Այն կունենա հատուկ ձայնային օգնականի հնարավորություն։ Ծրագիրը պատրաստման փուլում է, այժմ աշխատում ենք պրոտոտիպի վրա, որը գրեթե յոթանասուն տոկոսով պատրաստ է։ Կարծում ենք՝ մոտ ապագայում այն կկարողանանք ներկայացնել հանրությանն ու նրանց կօգնենք ավելի հեշտ ապրել»,- նշեց ստարտափի հիմնադիրը։
Նրա խոսքով՝ աշխարհում մոտ 36 մլն կույր և 200 մլն կիսակույր մարդ կա, որոնք ամենօրյա մի շարք խնդիրների են բախվում։ «Մենք չենք կենտրոնանա միայն Հայաստանի վրա, աշխատելու ենք ամբողջ աշխարհում, սակայն առաջնայինը կլինի մեր երկիրը»,- շեշտեց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ կան ընկերություններ, որոնք ունեն նման ակնոցներ, սակայն այդ ակնոցները չեն կատարում այն գործառույթները, որոնք առաջարկում է SeeFree-ն։ «Google-ն ունի նման ակնոց, որի արժեքը գերազանցում է 30 հազար դոլարը։ Մեր ակնոցի նախնական արժեքը բավականին մատչելի կլինի, որպեսզի մարդիկ կարողանան գնել այն»,- հավաստեց ստարտափի հիմնադիրը։
Նման ակնոց ստեղծելու գաղափարը Դավիթ Գրիգորյանի մոտ ծնվել է 2019 թվականին «Սևան ստարտափ սամմիթ»-ին մասնակցելու ընթացքում։ «Մեզ հանձնարարված էր ստեղծել նախագիծ։ Այդ ժամանակ դեռ ուսանող էի ու որոշեցի հենց կույրերին օգնել։ Ընկերներս ծրագիր առաջարկեցին խուլերի և համրերի համար, բայց ես կենտրոնացա կույրերի ուղղությամբ և մինչ օրս աշխատում եմ այդ գաղափարի իրականացման համար։ Այս նախագծով շատ մրցույթների ենք մասնակցել, գրանցել ենք հաջողություններ և հիմա գաղափարից անցնում ենք պրոդուկտի ստեղծմանը»,- ընդգծեց նա և հավելեց՝ գաղափարն է կույրերի և կիսակույրերի առաջ նոր հորիզոններ բացելը։
Դավիթ Գրիգորյանը ԴիջիԹեք-ին մասնակցում է ոչ միայն աջակիցներ և գործընկերներ, ներդրողներ գտնելու նպատակով, այլև հանրության լայն շրջանակին ճանաչելի դառնալու համար։ «Այս միջոցառմանը մասնակցում են շատ երիտասարդներ, որոնք նման ստարտափներ տեսնելով՝ մոտիվացվում են, ծնում նոր գաղափարներ։ Չի բացառվում, որ այստեղ ծանոթանանք ծրագրավորողների, ներդրողների հետ, որոնք կօգնեն ավելի արագ իրագործել մեր ծրագիրը»,- եզրափակեց Դավիթ Գրիգորյանը։