Մերձավոր Արևելք

Իսրայելը Բեյրութին ավիահարվածների ընթացքում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հնարավոր իրավահաջորդին. Axios

2 րոպեի ընթերցում

Իսրայելը Բեյրութին ավիահարվածների ընթացքում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հնարավոր իրավահաջորդին. Axios

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը հոկտեմբերի 3-ի գիշերը Բեյրութին հասցրած ավիահարվածների ընթացքում թիրախավորել է «Հեզբոլլահ» շարժման սպանված առաջնորդ Հասան Նասրալլահի հավանական իրավահաջորդին՝ շարժման գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Սաֆիեդդինը, որպես «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար, վերահսկում է շարժման քաղաքական հարցերը։ Նա նաև Ջիհադի խորհրդի անդամ է, որը ղեկավարում է ռազմական գործողությունները։ Axios-ի աղբյուրը, որն իսրայելցի պաշտոնյա է, ասել է, որ Սաֆիեդդինը գտնվում էր ստորգետնյա բունկերում՝ Բեյրութի հարավում, և առայժմ պարզ չէ՝ արդյոք նա սպանվել է հարվածի հետևանքով թե ոչ:

The New York Times-ը նույնպես, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրում է, որ Բեյրութին հարվածների ժամանակ Իսրայելը թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան առաջնորդներին, այդ թվում՝ Սաֆիեդդինին, որոնք հանդիպում էին անցկացնում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Հեզբոլլահ»-ը սեպտեմբերի 27-ին իսրայելական հարվածից սպանված Հասան Նասրալլահի իրավահաջորդ է ընտրել նրա ազգական Հաշեմ Սաֆիեդդինին։ Սակայն ավելի ուշ «Հեզբոլլահ»-ը հերքել էր այդ լուրերը։

2017 թվականի մայիսին ԱՄՆ Պետքարտուղարությունը Սաֆիեդդինին ներառել է հատկապես վտանգավոր միջազգային ահաբեկիչների ցուցակում։

Այս գիշեր ևս Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին։ Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ պայթյուններ են տեղի ունեցել։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում