Մերձավոր Արևելք

Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո

2 րոպեի ընթերցում

Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը գիշերը շարունակել է ավիահարվածները Լիբանանի մայրաքաղաքում՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ին։ Ռմբակոծության հետևանքով Բեյրութի միջազգային օդանավակայանի մերձակայքում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ էր թիրախավորում Իսրայելը, սակայն օդանավակայանը գտնվում է Բեյրութի հարավային Դահիե արվարձանի մոտ, որտեղ «Հեզբոլլահ»-ը մեծ ներկայություն ունի։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ցամաքային և օդային հարձակումների հետևանքով զոհվել է 37 մարդ, 151 մարդ վիրավորվել է։ 

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը ևս քսան գյուղերի բնակիչների հրահանգել էր տարհանվել Լիբանանի հարավից։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում