Քաղաքականություն

Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները բարձր են գնահատել երկրների միջև ինտենսիվ երկխոսությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները բարձր են գնահատել երկրների միջև ինտենսիվ երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Միշել Բարնիեին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով ու մաղթել հաջողություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջև բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան` հավելելով, որ մեծապես կարևորում է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Վարչապետի խոսքով` հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես, ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։

Նշվում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները մեծապես կարևորել են նաև «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» երկրորդ համաժողովի (Ambitions Arménie-France) անցկացումը, որը բազմոլորտ համագործակցությունը խթանող յուրօրինակ գործիք կարող է դառնալ:

 Զրուցակիցներն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:

 ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում