Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։

Հաջորդիվ ՀՀ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` նշելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քայլերը` համոզմունք հայտնելով, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի այդ խնդրի լուծմանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ քննարկվել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման:

Էմանուել Մակրոնն իր երկրի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են միջազգային հանրության հետևողական աջակցությունը` առկա խնդիրների հասցեագրման և լուծման գործում:

Նշվում է նաև, որ Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցում, ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը:

Միաժամանակ, ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության դերակատարումը և ընդգծել Ֆրանսիայի կարևոր դերը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում