ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գևորգ Մշեցի Ջավրուշյանի «Ես և Դուք» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված են նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում արված քանդակներ, գեղանկարներ, կոլաժներ և այլ աշխատանքներ, որոնք հնարավորություն են տալիս խորհելու անցյալի, ներկայի և ապագայի շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում։
Միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ Գևորգ Մշեցին մեծ արվեստագետ էր, հայրենասեր մարդ, որը մեծ սեր էր տածում մարդկանց հանդեպ, սեր էր սփռում շուրջբոլորը, ինչի վկայությունն են նրա ինքնատիպ աշխատանքները։ «Գևորգի հետ հաղորդակցվելը, նրա հետ զրուցելը հաճույք էր։ Նրա արվեստին քաջածանոթ մարդիկ կարող են հավաստիացնել, թե ինչ խորը արվեստագետ էր նա, թե ինչ հետաքրքիր մոտեցում ուներ իր յուրաքանչյուր աշխատանքի հանդեպ»,- նշեց Սաֆարյանն ու հավելեց՝ Ջավրուշյանն ակտիվ մասնակցել է միության բոլոր միջոցառումներին, մշտապես ասելիք է ունեցել և անտարբեր չի եղել որևէ նախաձեռնության հանդեպ։
Ըստ Սաֆարյանի՝ Գևորգ Մշեցի Ջավրուշյանը հարուստ ստեղծագործական ժառանգություն է թողել, նաև իր գիտելիքները փոխանցել է բազմաթիվ երիտասարդների, որոնցից շատերը ներկա էին ցուցահանդեսին։ «Նա շատերիս է իր ապրելակերպով օրինակ ծառայել՝ չպարտադրելով ոչինչ։ Նա իր կեցվածքով, իր մտածողությամբ, իր արվեստով տալիս էր այն, ինչ պետք է հայ մարդուն»,- շեշտեց միության նախագահը։
Արվեստաբան Արամազդ Սահակյանը ցուցադրությունը հրաշալի համարեց։ «Սա եզակի և խորքային արվեստագետի ցուցահանդես է, արվեստագետի, որին անձամբ ճանաչել եմ։ Նրա արվեստը տրամաբանված է, նրանում պատահականություններ չկան։ Հատկապես հայրենիքին վերաբերող աշխատանքներին Գևորգ Մշեցին մեծ գորովանքով էր մոտենում։ Եթե հարկավոր էր մի հասարակ հեղույս տաշել, ինչի համար նա այդ պահին գործիք չուներ, կարող էր մեքենայով հարյուր կիլոմետր անցնել, տաշել հեղույսն ու վերադառնալ։ Այստեղ բազմաշերտ աշխատանքներ են ներկայացված։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրը կարող է իրեն հասանելի շերտը բացահայտել այս ցուցահանդեսում»,- եզրափակեց նա։
Նկարչի դուստրը՝ Նանե Ջավրուշյանը, ևս հավաստիացրեց, որ իր հոր արվեստում պատահականություններ չկան, ամեն բան վերցված է նրա, բոլորիս ապրած ժամանակից, պատմությունից, նրա հույզերից ու ապրումներից։ «Բոլորս մեր հոգու հետ երկխոսելու կարիք ունենք։ Ցուցահանդեսում կգտնեք այն ամենը, ինչը կկարողանանք լսել, տեսնել, այն, ինչի հետևից եկել եք։ Դա կլինի երկխոսություն Ձեր հոգու հետ, թե երկխոսություն Մշեցու հետ, դուք որոշեք»,- ասաց նա։
Ցուցահանդեսի կազմակերպման գործում Գևորգ Մշեցու ընտանիքին աջակցել է նրա աշակերտը՝ Վահե Պողոսյանը։ Նա նկարչի մոտ է սովորել ութ տարեկանից։ «Ցուցադրության մեջ ընդգրկել ենք Գևորգ Մշեցու տարբեր շրջաններում արված գործեր։ Բազմաժանր աշխատանքներ ենք ցուցադրել, որ կարողանանք ինչ-որ չափով ներկայացնել նրա արվեստը, բայց բավականին բարդ էր։ Երբ նրա արվեստանոցում էինք ու ցանկանում էինք ընտրել աշխատանքները՝ անգամ խուճապի մատնվեցինք։ Դժվար էր հասկանալ՝ ինչը ցուցադրել, ինչը՝ ոչ, քանի որ բոլոր ստեղծագործություններն են ուշագրավ»,- ասաց Պողոսյանը։
«Ինչո՞ւ «Ես և Դուք»» հարցին Պողոսյանը պատասխանեց՝ ցուցանմուշներին նայելիս յուրաքանչյուրը կգտնի իրեն, կհասկանա, որ կապ ունի այդ ամենի հետ, թեմաների, աշխատանքների հետ։ «Գևորգ Մշեցին ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նրա ձայնն անընդհատ իմ գլխում էր։ Ասում էր՝ Վահե՛, սա այսպես չէ, այնպես է, ասես զայրանում էր վրաս, բայց դա քաղցր զայրույթ էր։ Ես կարոտում եմ, երբ նա զայրանում էր ինձ վրա»,- խոստովանեց Վահեն և ընդգծեց՝ Գևորգ Մշեցի Ջավրուշյանը ֆիզիկապես ներկա չէ, բայց իր արվեստով էլ խեղճացնում է, ուրեմն իրենց հետ է։
Մի առիթով Գևորգ Մշեցին ասել է. «Իրականությունը լի է մրուրով. կեղծավորներն ամենուր են, նրանք սողում են, քծնում և ապականում շուրջբոլորը։ Անճար, խոնարհ ժողովուրդ՝ վերջին հույսին ապավինած, խաբված և ճշմարտությանն անհաղորդ։ Եվ ժամանակի թելադրանքով, ժամանակի պահանջով, ժամանակի պատվերով փորձում ես ծանր ու թեթև անել քո սեփական ժամանակը, քո ներկան, որպեսզի ապագան կարողանաս մաքրել այս ամենից և ինքնապաշտպանության բնազդով փորձում ես ազնիվ մնալ, ինչը, անկեղծ ասած, շատ դժվար է։ Ես պեսիմիստ չեմ, պարզապես ուզում եմ, որ ամեն ինչում անկեղծություն և ազնվություն լինի, ուզում եմ իրատես մնալ, չեմ ուզում առանձնանալ ոչնչով և ոչ մեկից, ուզում եմ, որ բոլորս մեկ օրում, մեկ ժամում դառնանք ազնիվ ու անկեղծ»։
Գևորգ Մշեցի Ջավրուշյանը կյանքից հեռացել է 2022-ի նոյեմբերին։
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի