ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրներին առաջարկում է փոխել մարտավարությունը, միասին քննարկել երկրի համար ընթացող պատմական գործընթացը, փորձել իշխանությանն օգնել այդ հարցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այդ մասին ասաց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ընթացող գործընթացի, սահմանազատման գործընթացի վերաբերյալ ելույթների համատեքստում:
Սիմոնյանն ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանը, Դաշնակցությանը հորդորեց փոխել մարտավարությունը:
«Դուք ՀՀ–ում ընդդիմադիր իշխանություն եք: Դուք էլ իշխանություն ունեք: Գործընթաց է տեղի ունենում, որը պատմական է, որն անդառնալի է լինելու: Եկեք միասին հասկանանք, միասին քննարկենք: Ինչ-որ տեղ դուք էլ կարող է ինչ-որ բան ասեք, որը շատ օգտակար կլինի ինչ-որ փուլում: Եկեք փորձեք մեզ օգնել՝ այս հարցը լուծենք»,–ասաց ԱԺ նախագահը:
Ըստ նրա՝ այն ճանապարհով, որով ընդդիմությունը գնում է, հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի անցնելու Ազգային ժողով: Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմության ասելիքը սպառված է: «Ուղղակի դերակատար փոխելով՝ որևիցե բան չի փոխվելու»,–նկատեց նա: