Բուլինգի կանխարգելում և սոցիալական արդարության ապահովում՝ դպրոցներում. Global to Local ՀԿ-ն շվեդական հաջող փորձը բերում է Հայաստան
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գլոբալ թու Լոքալ» (Global to Local) հասարակական կազմակերպությունը Հայաստանում դպրոցներում բուլինգի կանխարգելման ու սոցիալական արդարության ապահովման համար նոր լուծումներ է առաջարկում՝ երեխաներին կրթելու, խնդիրները բարձրաձայնելու ու դրանց հաղթահարման ուղիներն առաջարկվում են մշակույթի միջոցով:
«Արմենպրես»-ը ՀԿ-ի կողմից բուլինգի կանխարգելման, սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ զրուցել է Global to Local ՀԿ հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտի հետ:

Global to local-ը ստեղծվել է Շվեդիայում: Հիմնադիր Իրինա Ալեվերտը, Շվեդիայում աշխատանքում սերտորեն առնչվելով կրթության ոլորտին, երկար տարիներ լինելով Ստոկհոլմի համայնքներից մեկի կրթական հանձնաժողովի անդամ՝ որոշել է ստեղծել Global to local-ը՝ նպատակ ունենալով շվեդական հասարակության հաջողված փորձը փոխանցել Հայաստանին:
«Հասկացա, որ հաջողված հասարակության բանալին երեխաների դաստիարակության մեջ է: Իսկ դա առաջին հերթին գալիս է մանկապարտեզից, ընտանիքից: Այսինքն՝ կրթությունն, ընտանիքի հետ միասին, ձևավորում են երջանիկ ու պատասխանատու քաղաքացիներ»,-նշեց Ալեվերտը:

Նա, շվեդական դպրոցներում տեսնելով բուլինգի կանխարգելմանն ուղղված ծրագրերը, 2020 թվականից նմանատիպ ծրագիր է իրականացնում Հայաստանում:
«Շատ կարևոր էր, որ դա չիրականացվեր չոր կրթության տեսքով: Այսպիսով, սկսեցինք նաև մշակույթն ինտեգրել կրթության հետ: Դրամատիկական թատրոնի հետ բեմադրեցինք «Չուչել» ներկայացումը, որը դիտել են բազմաթիվ դպրոցականներ՝ իրենց ուսուցիչների հետ»,-ասաց Ալեվերտը:

Դպրոցներում ՀԿ-ի՝ բուլինգի կանխարգելմանն ուղղված ծրագրերը շարունակական են եղել: Դպրոցականների համար «Փոփոխությունների թատրոն»-ի հետ բեմադրել են ինտերակտիվ «Երեք + 1 խոզուկներ» ներկայացումը. երեխաները կենդանիների միջոցով ծանոթացել են բուլինգի դրսևորմանը, արտահայտել իրենց լավ կամ վատ վերաբերմունքը:
«Զարմանալիորեն, երբեմն արդարացնում էին նրան, ով բուլինգի էր ենթարկում մյուսներին, արձագանքը հետևյալն էր՝ այդպես էլ պետք է լինի, ուժեղն է հաղթում: Բայց ընթացքում խաղերի միջոցով կարողանում էինք իրենց վերաբերմունքը փոխել: Թատրոնը շատ լուրջ դեր ունի մտածողության փոփոխության մեջ, շատ մեծ արդյունքների հասանք դրանով»,-ասաց ՀԿ-ի հիմնադիրը:
Global to local–ն արդեն երրորդ տարին է, որ կազմակերպում է նաև «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողով: Առաջին երկու տարիներին համաժողովն անցկացվել է Երևանում: Երևանում անցկացված համաժողովներին մասնակցել են անգամ մարզերի հեռավոր բնակավայրերից, ուստի այս տարի որոշել են համաժողովը տանել մարզեր, այն կանցկացվի Շիրակում՝հոկտեմբերի 12-13-ը, Սյունիքում՝ հոկտեմբերի 19-20-ը:
Ուսուցչական համաժողովի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին:

«Համաժողովի քննարկման թեմաները բազմազան են, քննարկվելու է այն ամենն, ինչն առնչվում է սոցիալական արդարությանը: Քննարկվելու է, օրինակ, թե առողջական խնդիրներ ունեցող երեխաների տեսանկյունից ինչքանով է դպրոցի միջավայրը սոցիալապես արդար»,-ասաց ՀԿ հիմնադիրը՝ հավելելով, որ սոցիալական արդարությունը դիտարկում են բոլոր հնարավոր տեսանկյուններից:
Ալեվերտը մատնանշեց շվեդական փորձը, երբ սոցիալական արդարության համատեքստում դիտարկում են նաև դպրոցի բակի դիզայնը, հաշվի են առնում միջավայրի ձևավորումը, որտեղ երեխաները հնարավորություն ունեն ժամանակ անցկացնել դրսում՝ մաքուր օդին: ՀԿ հիմնադիրը համաժողովի շրջանակում ներկայացնելու է հենց շվեդական փորձը՝ բուլինգի կանխարգելման գործում:
Ամեն տարի համաժողովին ունենում է շուրջ 100 մասնակից: Ցանկացած ուսուցիչ կարող է մասնակցել՝ նախապես հայտ լրացնելով: Դասախոսություններով հանդես կգան, իրենց փորձով կկիսվեն ոլորտի լավագույն փորձագետներ:

«Նպատակն է հարթակ հանդիսանալ ուսուցիչների համար՝ քննարկելու սոցիալական արդարության հարցերը: Համաժողովից դուրս այդ հարցերին պարբերաբար անդրադառնում ենք նաև մեր էջում: Ունենք մեզ հետևող ուսուցչական համայնքը, որը մասնակցում է մեր քննարկումներին, վերապատրաստումներին՝ նաև ուսուցչական համաժողովներից դուրս»,-ասաց Ալեվերտը:
ՀԿ-ն բուլինգի թեման բարձրաձայնել է նաև ինտերակտիվ ֆիլմի միջոցով: Մի քանի դպրոցների այն արդեն ուղարկել են՝ փակ դիտման համար: Սակայն մտադիր են հոկտեմբերին «Որոշում» ֆիլմի բաց ցուցադրություն կազմակերպել, որից հետո այն հասանելի կլինի բոլորին: Ներկայացված են երեք տարբեր իրավիճակներ, աշակերտն ինքն է ընտրում, թե ֆիլմն ինչ ուղղությամբ շարունակվի, արդյունքը տեսնում է վերջում: Սխալ ընտրության դեպքում աշակերտին ներկայացվում են հետևանքները: Այսպիսով՝ ֆիլմի միջոցով տեղեկացնում են արատավոր երևույթի՝ բուլինգի մասին ու կրթում:
«Եթե այսօր կարողանում ենք փոքր հասարակությունում կանխարգելել բուլինգը, մենք կարողանում ենք ավելի առողջ հասարակություն ունենալ հետագայում: Երջանիկ հասարակության հիմքում մարդկային ճիշտ հարաբերություններն են, որը պետք է սերմանել վաղ տարիքից»,- եզրափակեց Ալեվերտը:
Global to Local ՀԿ-ն Հայաստանում առաջիկայում նախատեսում է կրթական, մշակութային այլ միջոցառումներ ևս:
Աննա Գրիգորյան