ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելն, օգտվելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարենպաստ իրավիճակից, փորձում է ավելի բարելավել իր անվտանգային միջավայրը, այսինքն՝ բավականաչափ գրագետ հաշվարկում է, որ այս պահին իր գործողությունները տարաբնույթ ռազմականացված խմբավորումների՝ տվյալ դեպքում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և լիբանանյան «Հեզբոլլահի» դեմ, չեն հանդիպում լուրջ պատասխանի։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությանն ու Լիբանանի տարածքում Իսրայելի ձեռնարկած գործողություններին։
«Իսրայելի գործողությունները չեն արժանանում նաև գերտերությունների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ եվրոպական շատ կարևոր ու ազդեցիկ երկրների կտրուկ արձագանքին։ Իսրայելական կողմը շատ լավ հասկանում է, որ իր նմանատիպ գործողությունները, որոնք միտված են ռազմականացված խմբավորումների դիրքերի թուլացմանը, մարսվել են և ընդունվել բոլոր առանցքային դերակատարների կողմից։ Իսրայելն օգտվում է նաև ժամանակային պատուհանից, քանի որ մինչև ընթացիկ տարվա ավարտը Միացյալ Նահանգներում ձևավորվելու է նոր իշխանություն, ուստի փորձում է հնարավորինս թուլացնել իրեն շրջափակող տարբեր ռազմական խմբավորումների և նրանց միջոցով նաև Իրանի ազդեցությունը տարածաշրջանում»,- ասաց Պետրոսյանը։
Վերլուծելով Լիբանանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդ երկրում հնարավոր գործողության մասին քննարկումները սկսվել էին դեռևս ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, երբ իսրայելական կողմն ակնարկում էր պատժիչ գործողության հնարավորության մասին հատկապես այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում մեկնարկած ռազմական գործողություններից հետո պարբերաբար թիրախավորում էր նաև Լիբանանի հետ սահմանակից հատվածը, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ տեղափոխվեցին ու տարհանվեցին դեպի այլ վայրեր, հետևաբար Իսրայելը դեռ այն ժամանակ հող էր նախապատրաստում հետագա գործողությունների համար։
«Պարզապես Միացյալ Նահանգների ջանքերով այդ գործողությունն անընդհատ հետաձգվում էր, բայց հիմա ԱՄՆ-ում նախընտրական շրջափուլն ավարտվում է և երկիրը մտնում է ընտրական պրոցեսի եզրագիծ, ուստի ժամանակային այս պատուհանն Իսրայելի համար շատ հարմար է, որպեսզի առավելագույն օգուտներ քաղի հնարավոր բոլոր ուղղություններով՝ ամրապնդելով իր անվտանգությունը»,- ասաց վերլուծաբանը։
Պետրոսյանի խոսքով՝ պետք է հստակ հասկանալ, որ իսրայելական բանակի գործողությունները ոչ թե Լիբանանի, այլ «Հեզբոլլահի» դեմ են, որովհետև այդ կառույցն ինքնին ներկայացնում է բավականաչափ ազդեցիկ ուժ Լիբանանի ներսում և փաստորեն դարձել է պետություն պետության մեջ, առավել ևս, որ ունի իր կողմից վերահսկվող տարածքներ, բազմաթիվ հետևորդներ ու զինյալներ, լիբանանյան սպառազինությանը չզիջող զինանոց։
«Ամբողջ աշխարհում ու նաև Մերձավոր Արևելքում կան խաղացողներ, որոնց շահերից է բխում պատերազմը։ Խոսքը հատկապես տարածաշրջանում Իրանի հակառակորդների մասին է, քանի որ «Հեզբոլլահը» համարվում է այդ երկրի հովանավորյալ կազմակերպություն, որի միջոցով Իրանը փորձում է տարբեր հակամարտություններում առաջ մղել սեփական շահերը, հետևաբար մյուս մրցակիցները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ էմիրությունները, Եգիպտոսն ու Թուրքիան շահում են, քանզի որոշակիորեն թուլանում է Իրանի ազդեցությունը։ Նոր աշխարհակարգի պայմաններում ունենալու ենք նոր տարածաշրջանային հարաբերությունների ու քաղաքականության ձևաչափ, որտեղ ռազմականացված կառույցների ազդեցությունը հնարավորինս նվազեցվելու է»,- եզրափակեց վերլուծաբանը։
Մանվել Մարգարյան