Մերձավոր Արևելք

Իսրայելը «սահմանափակ» ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում

3 րոպեի ընթերցում

Իսրայելը «սահմանափակ» ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ, տեղայնացված» ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում, որի նպատակն է Իսրայելի հյուսիսային սահմանների բնակիչների անվտանգության ապահովումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։

«Քաղաքական ղեկավարության որոշման համաձայն՝ մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է սահմանափակ, տեղայնացված և թիրախավորված ցամաքային հարձակումներ՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական թիրախների և ենթակառուցվածքների դեմ ճշգրիտ հետախուզության վրա: Այս թիրախները գտնվում են սահմանամերձ գյուղերում և անմիջական վտանգ են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքների համար», - նշված է X սոցիալական հարթակում տարածված հայտարարության մեջ։

Ըստ ԻՊԲ-ի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը և հրետանին աջակցում են ցամաքային ուժերին՝ «ճշգրիտ հարվածներ հասցնելով տվյալ շրջանում գտնվող ռազմական թիրախներին»։

Գերատեսչությունը հավելել է, որ գործողությունն իրականացվում է՝ համաձայն Գլխավոր շտաբի և Հյուսիսային հրամանատարության մեթոդաբանական պլանի, որին ԻՊԲ-ի զինվորները պատրաստվել են մի քանի ամիս։ 

Ընդ որում, Լիբանանում ռազմական գործողությունների հետ միասին Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում։

««Հյուսիսի նետեր» գործողությունը կշարունակվի՝ ըստ իրավիճակի գնահատման և Գազայում և այլ տարածքներում մարտերին զուգահեռ», - հավելել է ԻՊԲ-ն։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ, որի նպատակն է հայտարարվել անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։ 

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում