Աշխարհ

Հնդկաստանը մտադիր է առաջին պաշտպանական ձեռնարկությունը կառուցել արտասահմանում

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը մտադիր է առաջին պաշտպանական ձեռնարկությունը կառուցել արտասահմանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Tata Group արդյունաբերական կոնգլոմերատը ռազմական արդյունաբերության խոշոր գործարան կկառուցի Մարոկկոյում։ Այն կդառնա առաջին պաշտպանական ձեռնարկությունը, որը Հնդկաստանը կկառուցի արտասահմանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Economic Times պարբերականը։ 

Ըստ հրապարակման՝ Tata Group-ին պատկանող Tata Advanced Systems LTD ընկերությունը ծրագրում է ձեռնարկություն կառուցել Կասաբլանկայում։ Այն կարտադրի զրահատեխնիկա Մարոկկոյի թագավորական զինված ուժերի համար: Երկարաժամկետ հեռանկարում այն իր արտադրանքը կմատակարարի Աֆրիկայի այլ երկրների։

Գործարանը կկարողանա արտադրել տարեկան 100 մարտական ​​մեքենա և կսկսի գործել մեկ տարվա ընթացքում։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Նյու Դելին իր առաջնահերթությունն է դարձրել հարաբերությունների զարգացումն Աֆրիկայի երկրների հետ։

The Economic Times-ը նշում է, որ Հնդկաստանը ցանկանում է ավելացնել պաշտպանական ոլորտի արտահանումներն Աֆրիկա։ Այս ուղղությամբ արդեն առկա են մի շարք պետական նախաձեռնություններ։ Չինաստանն արդեն հանդիսանում է Աֆրիկայում պաշտպանական արտադրանքի հիմնական մատակարար, մինչդեռ տարածաշրջանում նախկինում գերիշխում էին ռուսաստանյան և եվրոպական մատակարարները։ 

Ըստ հնդկական ԶԼՄ-ների՝ Նյու Դելին ակնկալում է աֆրիկյան երկրներին մատակարարել Tejas թեթև մարտական ​​ինքնաթիռներ, Pinaka կայանքներ, Akash զենիթահրթիռային համալիրներ և ռուս-հնդկական Brahmos գերձայնային թևավոր հրթիռներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում