Տնտեսություն

Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշված միջոցառումների օրակարգում ընդգրկված հարցերը Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հետ քննարկելու նպատակով Երևանում են հյուրընկալվելու նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Միջկառավարական խորհրդի նիստին կմիանան ԵԱՏՄ-ում դիտորդ կարգավիճակ ունեցող երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրերը։

Նիստերի ընթացքում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ներքին շուկայի գործունեության հարցերին, ինչպես նաև արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Ակնկալվում է նաև, որ ԵԱՏՄ երկրների վարչապետները կքննարկեն կազմակերպության շրջանակներում մինչև 2030 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային նիստերն ավանդաբար անցկացվում են Հայաստանում: 

Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, կյանքի է կոչում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումները, որոնք ընդունվում են ԵԱՏՄ երկրների առաջնորդների մակարդակով: Այս մարմնի նիստերը տարվա ընթացքում անցկացվում են առնվազն երկու անգամ:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կկայանա երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: 

Եվրասիական տնտեսական համաժողովը կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներն ու առաջնահերթությունները» խորագրի ներքո։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում