Մշակույթ

«Հայ ֆեստ» փառատոնը Երևանում կհյուրընկալի մասնակիցների տասնութ երկրից

3 րոպեի ընթերցում

«Հայ ֆեստ» փառատոնը Երևանում կհյուրընկալի մասնակիցների տասնութ երկրից

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային 22-րդ թատերական փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը Երևանում, կհյուրընկալի մասնակիցների տասնութ երկրից՝ Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Բելառուս և այլն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երազանքների փառատոն» խորագրով «Հայ ֆեստ»-ի ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ 

Փառատոնի մասնակիցների թիվը 100-ից ավելի է։ Կլինեն այնպիսի անվանի հյուրեր, ինչպիսիք են Ռոման Դոլժանսկին, Արթուր Գրիգորյանցը, Տատյանա Բոբրովան, Մարիուս Իվասկևիչուսը։ 

«Հայ ֆեստ»-ին հանդիսատեսին կներկայացվեն Գասպար և պարողներ թատրոնի «Կոստյում Լինդա» (ԱՄՆ), Գորկի + Մոսկվայի արվեստի փառատոնի թատերական նախագծի «Արթնացեք» (Ռուսաստան), Մարկոցի ժամանակակից թատրոնի «Մսագործը» (Գերմանիա), Կատանարի թատրոնի «Տուն-կղզի» (Չեխիայի Հանրապետություն) ներկայացումները։ Բացօթյա ներկայացումներից էլ կցուցադրվեն Գոմայի  «Ատարի շոու» (Գերմանիա), «Մեղքեր խժռողը» (Լեհաստան) բեմադրությունները։

Փառատոնի մեկնարկը կտրվի «էՎենտի Վերտիկալի» թատրոնի (Իտալիա) «Խորանարդ» բացօթյա ներկայացմամբ, որի բեմադրիչն Անդրեա Պիալինին է:

«էՎենտի Վերտիկալի» թատրոնը ստեղծել է իր սեփական տեսողական լեզուն, որը համադրում է կրկեսը, ակրոբատիկան, պարը, երաժշտությունը և ժամանակակից տեխնոլոգիաները: Թատրոնն օգտագործում է այնպիսի բեմական սարքավորում, որը կախվում է օդում, պահում է բեմի մակերեսը, ողջ լուսավորությունը և կատարողներին: Կախված եռաչափ բեմ, որտեղ պարողները, լույսերն ու ստվերները միաձուլվում են կառուցվածքի գույների հետ։ Լույսերն ու գույները փոխում են խորանարդի տեսքը՝ համապատասխան դերասանների կատարման, որոնք շարժվում են խորանարդի ներսում և դրսում։ 

«Հայ ֆեստ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։  

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում