ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտագետ-միջնադարագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը կարծում է՝ մինչ Կոմիտասը հայ կոմպոզիտորներին հաջողվել է քայլ առ քայլ տեղայնացնել եվրոպական մշակույթը և նրան ազգային դիմագիծ հաղորդել, իսկ Կոմիտասն առաջնորդվել է այլ սկզբունքով՝ բազմաձայն կոմպոզիտորական արվեստը պետք է ծնվի, պետք է բխի հայ երաժշտական մտածողության բնիկ օրգանական օրինաչափություններից։
Կոմիտասի 155-ամյա հոբելյանի առթիվ, որ նշվում է սեպտեմբերի 26-ին, «Արմենպրես»-ի թղթակիցը Մհեր Նավոյանի հետ զրուցել է Կոմիտասի մեծության, նրա արվեստի բացառիկության, հոբելյանական միջոցառումների և այլ հարցերի շուրջ։
«Երաժշտության պատմության մեջ ընդունված ձևակերպմամբ՝ Կոմիտասը հայ դասական երաժշտության հիմնադիրն է կամ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը։ Կոմիտասից առաջ հայ կոմպոզիտորներ կային, կոմպոզիտորական արվեստ կար։ Մեր իրականության մեջ կոմպոզիտորական արվեստը սկսել է ձևավորվել 19-րդ դարից։ Առաջին ընդունված հայ կոմպոզիտորը կամ այն կոմպոզիտորը, որին կոմպոզիտոր բառով են կոչում, Տիգրան Չուխաջյանն է։ Նրա շնորհիվ ոչ միայն հայ իրականություն, այլև ամբողջ արևելյան մշակույթ ներթափանցեց եվրոպական կոմպոզիտորական կուլտուրան։ Նրանից հետո եկած կոմպոզիտորներն էլ քայլ առ քայլ փորձեցին եվրոպական մշակույթը տեղայնացնել, նրան հաղորդել ազգային դիմագիծ, երաժշտական մտածողության մեջ հայկականությունն առավել ընդգծել։ Այս բոլոր հարցերը 19-րդ դարի իրականության արտահայտությունն էին, որ նաև երաժիշտներից էին պահանջում ազգային ինքնագիտակցության բարձրացում»,-պատմում է երաժշտագետը։
Նավոյանի խոսքով՝ այդ ժամանակ հայկական երաժշտական մտածողությունը և եվրոպական բազմաձայն մտածողությունը համադրելու խնդիր կար, որովհետև դրանք էականորեն տարբեր են։ Համադրման ճանապարհին հայ կոմպոզիտորները կարողացել են հասնել որոշակի գեղարվեստական բարձր մակարդակի, որն արտահայտվում է Մակար Եկմալյանի, Չուխաջյանի և այլոց արվեստում։ «Եվրոպական հարմոնիան և հայկական երաժշտական մտածողությունը, որ արտահայտվում էր մեր մեղեդիներով, որոշակի բարձր մակարդակի համադրվածություն ուներ, սակայն այն երկու տարբեր համակարգերի համադրվածություն է։ Կոմիտասն առաջինն էր, որ հրաժարվեց այդպիսի համադրությունից։ Նա ասաց, որ բազմաձայն կոմպոզիտորական արվեստը պետք է ծնվի, պետք է բխի հայ երաժշտական մտածողության բնիկ օրգանական օրինաչափություններից։ Նա նախ ուսումնասիրեց և գտավ այդ օրինաչափությունները։ Պետք է հատուկ շեշտել՝ Կոմիտասի էթնոերաժշտագիտական, ազգագրական, հայ հոգևոր երաժշտության բնագավառի միջնադարագիտական հետազոտություններն ու բացահայտումներն օգնեցին, որ այդ առանձնահատկությունները հղկվեն, հետո հիմք դառնան բոլորովին նոր տիպի բազմազանության, նոր տիպի կոմպոզիտորական մտածողության համար, որը ոչ միայն մեզ, այլև եվրոպացիների համար էր նոր։ Այդ է պատճառը, որ Կոմիտասը, լինելով տիպիկ ազգային կոմպոզիտոր, 20-րդ դարասկզբի նորարար կոմպոզիտորներից մեկն է եվրոպական, Արևմտյան արվեստի չափանիշներով»,-ասում է երաժշտագետը։
Նավոյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Կոմիտասն իր ամբողջ գործունեության ընթացքում կարողացել է ձևակերպել այն միտքը, որ ազգային երաժշտությունը նույնքան կարող է տիպականորեն բնութագրել որևէ ժողովրդի, որքան լեզուն, մարդաբանական տիպը և այլն։ Կոմիտասը ինքնության հարացույցի մեջ կարողացել է հավասար տեղավորել նաև երաժշտությունը, ինչի շնորհիվ նրա գործունեությունը միայն երաժշտական ու կոմպոզիտորական չէ։
«Այս իմաստով նա դուրս է գալիս զուտ երաժշտական արվեստի շրջանակից և դառնում է հայ ժողովրդի համար ինքնութենական նշանակության մեծություն և կանգնում բոլոր այն հայ մեծերի կողքին, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորել են մեր ինքնությունը։ Դա է պատճառը, որ Պարույր Սևակը Կոմիտասին համեմատում է Մեսրոպ Մաշտոցի հետ։ Հավանաբար ոչ ոք չի հակադրվի այն ձևակերպմանը, որ երբևէ աշխարհում ծնված ամենամեծ հայը Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է։ Նրանից հետո բոլոր հայ մեծերը համեմատվում են նրա հետ, և Կոմիտասը այն եզակիներից է, որ այդ համեմատության մեջ լինելու իրավունք ունի, որովհետև լուրջ ներդրում է կատարել հայ ժողովրդի ինքնությունը հստակեցնելու, նրան այլ ժողովուրդների շարքում դասելու և այլ ժողովուրդներից տարբերելու գործում»,-շեշտում է Մհեր Նավոյանը։
Ըստ նրա՝ Կոմիտասին հաջողվում է հասնել մեր հոգիներին, երջանկացնել, տխրեցնել, որովհետև նրա ստեղծագործություններն արվեստի մի շարք հատկանիշների զտարյուն, բարձր գեղարվեստական որակն են արտահայտում, բացահայտում են մեր ազգային մտածողությունը, ինչն անչափ հոգեհարազատ է մեզ, ուստի նրա արվեստի զգացմունքային ազդեցիկությունը մեզ վրա խիստ մեծ է։ «Նման հարց 19-րդ դարում դրել է Խաչատուր Աբովյանը։ Քչերը գիտեն, բայց նա նաև երաժիշտ էր։ Աբովյանը բարձրաձայնում է այն հարցը, որ արվեստի ազդեցիկությունը կարող է գնահատվել յուրաքանչյուր միջավայրում այդ միջավայրի հարազատության, հարիր լինելու պայմանով։ Կոմիտասին հաջողվել է մեր ժողովրդին ամենահատուկ երաժշտական առանձնահատկությունների և բարձր գեղարվեստական հմտությունների շնորհիվ ստեղծել այնպիսի արվեստ, որ մեզ վրա շատ մեծ ազդեցություն ունենա»,-հավաստիացնում է երաժշտագետը։
Օտարները ևս երբեք անտարբեր չեն մնում Կոմիտասի ստեղծագործությունների նկատմամբ։ Այդ են փաստում արտերկրում կազմակերպված համերգներին լեփ-լեցուն դահլիճները, բուռն ծափողջյունները, երբ Կոմիտաս է հնչում։
Մհեր Նավոյանը դժվարանում է ասել, արդյոք մեր օրերում Կոմիտասին բավարա՞ր են ներկայացնում օտար երկրներում, թե՞ ոչ։ «Այն, որ աշխատանք արվում է, փաստ է, այն, որ Կոմիտասի՝ հայ երաժշտությունը աշխարհում ներկայացնելու ջանքերի կարևորությունը մեր օրերում գիտակցված է, այդպես է, այն, որ մեզնից շատերը փորձում են այդ ճանապարհով քայլել, շարունակել այդ գործը, ևս փաստ է։ Միշտ ցանկալի է ավելին անել, ավելի մեծ արդյունքների հասնել։ Մի քիչ քննադատական մոտեցում էլ պետք է լինի. մեր իրականության մեջ ազգայինի կամ բարձր մշակույթի շրջանակները մեր ցանկացածի չափ լայն չեն։ Մեր իրականության մեջ ևս հարկավոր է լուսավորչական աշխատանք իրականացնել։ Մենք մեր իրականությունում հաջողե՞լ ենք, որ հարցնենք արդյոք դրսում բավարար է արվում։ Միշտ ցանկալի է ավելի շատ անել թե՛ մեզանում, թե՛ դրսում»,-շեշտում է նա։
Անդրադառնալով Կոմիտասի ստեղծագործությունները նոր մոտեցումներով, ժամանակակից փաթեթավորմամբ ներկայացնելու փորձերին՝ երաժշտագետը նշում է՝ արվեստն ազատ է զարգանում և սահմանափակումներ դնել սկզբունքորեն հնարավոր չէ, սակայն մասնագիտական կարծիք արտահայտել կարելի է։ Նավոյանի մասնագիտական կարծիքն այդ հարցի շուրջ բացասական է։ Ըստ նրա՝ Կոմիտասի և այլ դասականների գործերը նորացնելիս ստեղծագործությունները երբեմն արտառոց դրսևորումներ են ստանում, նորացման ընթացքում պարզվում է, որ Կոմիտասի արվեստը ոչնչացված է։ «Հարմոնիան, որի մասին խոսում էի, նորացված տարբերակներում գիտակցված չէ, եզակի բացառություններ կան։ Ստացվում է, որ այն, ինչ դարձավ Կոմիտասի ամբողջ կյանքի գործը՝ ստեղծել հայ բազմաձայնության տիպար, հայ տիպական ազգային կոմպոզիտորական արվեստ, նոր վերամշակումներում ոչնչացված է։ Վերամշակված է ուրիշ մտածողության համար։ Չեմ կարող ասել լավ է, թե վատ, ուղղակի ուրիշ է. ոմանք հմուտ են, ոմանք՝ ոչ, սակայն երկու դեպքում էլ Կոմիտասին խորթ։ Դա չի կարելի անել»,-հավաստիացնում Մհեր Նավոյանը։
Նավոյանի խոսքով՝ կոմպոզիտորական արվեստը զարգանում է, և երաժիշտները կարող են ազգային ակունքներին դիմել, Կոմիտասի հավաքած ժողովրդական մեղեդիներն օգտագործել, այլ ժողովրդական մեղեդիներ և դրանք մշակել իրենց ճաշակով, իրենց կոմպոզիտորական հմտություններով և իրենց անունով։ «Կոմիտասի հավաքած ժողովրդական մեղեդիները, որոնք մոտ 2 հազարն են, հրատարակված են։ Դրանք կարելի է մշակել, բայց ոչ Կոմիտասի ստեղծագործությունները»,-կարծում է նա։
Երաժշտագետը հիշեցնում է՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկ նորմավորում են մտցրել. հաշվի առնելով այն, որ կառույցը թանգարան է և պարտավոր է ճշգրիտ պահպանել մշակութային արժեքները, ինստիտուտ է, ուրեմն ժառանգության ճշգրիտ պահպանման պարտավորություն ունի, այնտեղ Կոմիտաս պետք է հնչի միայն բնօրինակով։ «Կոմիտասը տուն չունեցավ ամբողջ կյանքում։ Նրա տունը պետք է համարել Մայր Աթոռը, որովհետև այնտեղի միաբան էր, բայց ընդունված իմաստով նա տուն, որ կարելի էր դարձնել տուն-թանգարան, չունեցավ, ուստի թանգարան-ինստիտուտը պայմանականորեն նրա տունն է, որովհետև նա իր դեմքով ներկայանալու իրավունք ունի, և մենք այդ օջախում Կոմիտասը բնագրով կատարելու պայման դրեցինք, ինչը ժամանակին շատ մեծ վրդովմունք առաջացրեց երաժիշտների շրջանում, մեկնաբանությունների տեղիք տվեց։ Ասում էին՝ մշակույթի մեջ ցենզուրա ենք մտցնում։ Իրականում չկա նման բան։ Որևէ մեկն արվեստի զարգացման պրոցեսը ո՛չ կանխում է, ո՛չ էլ ցանկություն ունի կանխելու։ Նույնիսկ ավտորիտար համակարգերում, ուր գրաքննություն է եղել, դա հաղթահարվել է, քանի որ պարզ է եղել, որ դա ոչ մի լավ տեղ չի տանում։ Ընդամենը մեկ օջախում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, այն էլ ոչ թե արգելանքի լեզվով ենք ձևակերպել, այլ նշել, որ անհրաժեշտ է նրա ստեղծագործությունները կատարել բնագրային, որ մարդիկ իմանան, որ այդքան մշակումների, վերամշակումների հեղեղի մեջ կա մի տեղ, որտեղ կարող են հենց Կոմիտասի կոմպոզիտորական մտածողության հարազատությամբ հանդիպել Կոմիտասին»,-ընդգծում է նա։
Նավոյանը հիշեցնում է, որ Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նախաձեռնում և կյանքի է կոչում «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը։ «Մեզ հաջողվել է հատկապես գիտաժողովի բաղադրիչը մեկ կամ երկու համերգով կազմակերպել արտասահմանում։ Արտերկրում միջոցառումների կազմակերպումն ինքնանպատակ չէ։ Դա նաև Կոմիտասի ստեղծագործությունները տարածելու, Կոմիտաս քարոզելու, մեզ ճանաչելի դարձնելու նպատակ ունի, ինչն անում էր Կոմիտասը։ Խորհրդանշականորեն արտասահմանում ընտրում ենք այն ակադեմիական հաստատությունները, որոնք տեղակայված են այն երկրներում, որտեղ կյանքի օրոք գործունեություն է ծավալել Կոմիտասը։ Մի այդպիսի գիտաժողով-փառատոն տարիներ առաջ անցկացրինք Սորբոնի համալսարանում, հետո՝ Բեռլինի Հումբոլդտի, որտեղ սովորել է Կոմիտասը, Հալլեի համալսարաններում։ Այս տարի նպատակ ունենք միջոցառումներ կազմակերպել Վիեննայում, որտեղ ևս Կոմիտասը բավականին ակտիվ գործունեության է ծավալել։ Համագործակցությունը կազմակերպված է երեք հաստատության միջև՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտ, Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարան։ Ակտիվ ջանքերի, նաև Վիեննայում Հայաստանի դեսպանության աջակցության շնորհիվ իրականություն կդառնա մեր նախաձեռնությունը։ Գիտաժողովին մասնակցելու են գիտնականներ, արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, նախատեսվում են նաև համերգային ծրագրեր»,-տեղեկացնում է Նավոյանը։
Տարիների ընթացքում արտերկրի բոլոր համալսարաններում էլ հանդիպել են բարյացկամ վերաբերմունքի։
Գիտաժողով-փառատոնին Երևանում էլ հյուրընկալում են օտարերկրացի երաժիշտների, կոլեկտիվների։ Տարիներ առաջ ֆրանսիական երգչախմբի են հյուրընկալել, իսկ այս տարի գիտաժողով-փառատոնին Երևանում ելույթ կունենա իսպանուհի դաշնակահարուհի։
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի