Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը հաղորդել է Իսրայելի ռազմական օդանավակայանին և ռազմակայանին հասցրած հրթիռային հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հաղորդել է Իսրայելի ռազմական օդանավակայանին և ռազմակայանին հասցրած հրթիռային հարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ծանր հրթիռներով հարված է հասցրել Իսրայելի Աֆուլա քաղաքի շրջանում գտնվող ռազմական օդանավակայանին և «Ռամաթ-Դավիդ» ավիաբազային: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։ 

«Հեզբոլլահ»-ի զինվորականները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ իսլամական դիմադրությունը «Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռներ է արձակել Աֆուլայի արևմտյան մասում գտնվող «Մագիդո» ռազմական օդանավակայանի ուղղությամբ: Երկրորդ հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ի զինվորականները նշել են, որ «Ֆադի-2» հրթիռներով գնդակոծվել է Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող «Ռամաթ Դավիդ» ռազմակայանը։

Ըստ «Ալ-Մանար» հեռուստաալիքի՝ սեպտեմբերի 23-ին «Հեզբոլլահ»-ը «պատասխանել է Լիբանանում շարունակվող իսրայելական հարձակմանը, իսլամական դիմադրության մարտիկները հարվածներ են հասցրել օկուպացված Պաղեստինի հյուսիսում, այդ թվում՝ Հայֆայի և Տվերիայի մերձակայքում գտնվող իսրայելական օբյեկտներին»:

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ գիշերը և առավոտյան Լիբանանի կողմից տասնյակ հրթիռներ են արձակվել, որոնց մեծ մասը խոցվել է։ ԻՊԲ-ն նաև հաղորդել է վերջին մեկ օրվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի շուրջ 1600 թիրախ խոցելու մասին։ Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 490-ը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում