Մերձավոր Արևելք

Լիբանանում առնվազն 492 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից

3 րոպեի ընթերցում

Լիբանանում առնվազն 492 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 492 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում կա 35 երեխա։ 1645 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավում գտնվող բազմաթիվ ընտանիքներ սեպտեմբերի 23-ից փախչում են տներից՝ գերբեռնված մեքենաներով։ Դեպի երկրի հյուսիս տանող մայրուղիները ծանրաբեռնված են մեքենաների հոսքով։  

Լիբանանում ճգնաժամերին արձագանքը համակարգող նախարար Նասեր Յասինը Reuters-ին հայտնել է, որ դպրոցներում և այլ հաստատություններում 89 ժամանակավոր ապաստարան է բացվել, որոնք կարող են տեղավորել 26 000 մարդու։ 

Իսրայելն իր հերթին հայտնել է, որ հարվածել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման շուրջ 1600 թիրախի Լիբանանի հարավում և Բեքաայի հովտում։ Իսրայելը սեպտեմբերի 23-ին հայտնել էր ծրագրվող հարվածների մասին՝ լիբանանցիներին կոչ անելով հեռանալ։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է լիբանանցիներին։

«Իսրայելի պատերազմը ձեր դեմ չէ, «Հեզբոլլահ»-ի դեմ է։ Շատ երկար ժամանակ է, որ «Հեզբոլլահ»-ը ձեզ օգտագործում է որպես կենդանի վահաններ», - ասել է նա։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ ԱՄՆ-ն կողմ չէ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև իրավիճակի սրմանը, և որ Վաշինգտոնը մտադիր է կոնկրետ գաղափարներ քննարկել դաշնակիցների և գործընկերների հետ՝ կանխելու պատերազմի ընդլայնումը։

Սաուդյան Արաբիան մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ բոլոր կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել։ 

Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը գտնվում է Նյու Յորքում, հայտնել է, որ Իսրայելը ցանկանում է Մերձավոր Արևելքը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ՝ սադրելով, որ Իրանը նույնպես ներգրավվի դրանում։ 

Իսկ Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ «Հեզբոլլահ»-ի թիրախներին հարվածելով փորձում են խմբավորմանը ստիպել դիվանագիտական լուծման համաձայնել։ 

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև լարվածությունն ավելի է սրվել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամներին պատկանող հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններից հետո, որոնք առնվազն 39 զոհի և ավելի քան 3000 վիրավորի պատճառ են դարձել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում