Հայաստանը Եվրաջասթ է ուղարկել 68 և ստացել 5 հարցում. Գլխավոր դատախազ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրաջասթի հետ Հայաստանի համագործակցությունը երիտասարդ է, բայց արդեն կան հաջողության պատմություններ՝ կապված փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն բնույթի գործերով իրավական օգնությունների հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը  Երևանում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության ստորագրմանը: 

«Անդրազգային հանցավորությունը քրեական արդարադատության արդի համակարգի ամենամեծ մարտահրավերն է: Լատենտային ու համագործակցված հանցավորությունը, որի ընդգրկման ծավալները դուրս են գալիս մեկ պետության սահմաններից և ներառում ընդհուպ մինչև ամբողջական տարածաշրջան կամ մայրցամաքի աշխարհագրությունը, քրեական հետապնդման մարմինների միջև միջազգային-իրավական համագործակցության նոր որակ են պահանջում»,–ասաց Վարդապետյանը: 

Նա վստահեցրեց՝ Հայաստանի դատախազությունը գիտակցում է այս իրողությունը և հետևողական է օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության ուղիներն ընդլայնելու հարցում: Դրա վառ օրինակը նա համարեց ստորագրվող փաստաթուղթը և Եվրաջասթի հետ վերջին 3 տարիների շատ արդյունավետ և գործընկերային աշխատանքը: 

«Եվրաջասթի հետ մեր համագործակցությունը երիտասարդ է, բայց մենք արդեն ունենք հաջողության պատմություններ, որոնք կապված են փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն բնույթի գործերով իրավական օգնությունների հետ: Ընդհանուր առմամբ մենք Եվրաջասթ հասցրել ենք ուղարկել 68 կոմունիկացիա՝ տարբեր իրավական օգնությունների վերաբերյալ հարցերով, ԵՄ–ի մեր գործընկերներից ստացել ենք 5 հարցում Եվրաջասթի միջոցով, որոնք կամ ամբողջությամբ կատարվել են կամ գտնվում են կատարման ընթացքում, և շատ կարճ ժամանակահատվածում կուղարկվեն հետ»,–ասաց Վարդապետյանը:

Նա հավելեց՝ հասցրել են ծանոթանալ Եվրաջասթի գործիքակազմին, համոզվել դրա արդյունավետության մեջ և վստահ են, որ Եվրաջասթի հետ այսօր ստորագրվող աշխատանքային պայմանավորվածությունը Հայաստանի իրավապահ մարմինների համար այդ գործիքակազմն ավելի լայն կիրառելու հնարավորություն կստեղծի: 

Հանդիպման ընթացքում Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանի հետ խոսել են բոլոր այն տվյալների բազաների մասին, որոնց հասանելիություն է ստանալու Հայաստանը՝ ներկայացված լինելով Եվրաջասթում և բոլոր այն աշխատանքային խմբերի գործունեության մասին, որոնց անդամակցելու հնարավորություն է ստանալու ՀՀ–ն՝ փաստաթուղթը ստորագրելուց և դատախազին գործուղելուց հետո:

«Մենք վստահ ենք, որ այսօրվա ստորագրվող փաստաթուղթը մեզ հնարավորություն կտա էլ ավելի օպերատիվ կապ հաստատել, քան մենք այսօր ունենք: Հետևաբար հնարավորություն կընձեռնի նաև Հայաստանում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ քննություն»,–ասաց գլխավոր դատախազը:

Փաստաթղթի շուրջ բանակցությունները սկսվել են 2021 թվականից: Գործընթացն էլ ավելի վաղ է նախաձեռնվել: 

Համատեղ աշխատանքի արդյունքում կողմերը հասել են համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության ստորագրման փուլին: «Դա նշանակում է, որ այսօր մեկ քայլով մոտենում ենք համաձայնագրի դրույթների լիարժեք իրականացմանը»,–նշեց Վարդապետյանը:

Համաձայնագիրը ստորագրվել էր այս տարի Բրյուսելում, հետագայում վավերացվել էր ԱԺ–ի կողմից և հիմք է հանդիսանում աշխատանքային պայմանավորվածության համար:

 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում