Մշակույթ

Գյումրու Մտորումների թատրոնը «Եռաձայն պատարագ»-ով ազդարարեց հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Գյումրու Մտորումների թատրոնը «Եռաձայն պատարագ»-ով ազդարարեց հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Մտորումների թատրոնը «Եռաձայն պատարագ» ներկայացման առաջնախաղով սկսեց իր հինգերորդ հոբելյանական թատերաշրջանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պարույր Սևակի դրամատիկական պոեմը բեմականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի, երաժշտությունը՝ Բելա Հովհաննիսյանի, նկարչական ձևավորումը՝ Վաչագան Ազատյանի։

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին ձոնված  խոհափիլիսոփայական պոեմը հանդիսատեսին է  ներկայացվում ոչ միայն ասմունքով, այլ նաև բեմական կերպարներով ու լուսաձայնային հետաքրքիր լուծումներով՝ ավելի ազդեցիկ դարձնելով պատմությունը։ Կերպարները լեռներն են՝  չորս սերունդ։ Եթե ներկայացման խոսքն ու  շունչը սևակյան է, ապա դահլիճն ու կերպարները՝  փարաջանովական  շեշտադրմամբ։ 

Պոեմը պատարագ-ռեքվիեմ է, որն ուղեկցվում է անդադար ղողանջող զանգի պատկերով։ Զանգը՝ իբրև ժողովրդի հույսն ու ընդվզումն ազդարարող խորհրդանիշ, մեկ հոգեհանգստի կարգ է կատարում, մեկ ահազդու հանգերգի նման թնդում է, մեկ կոչ է ապրող ժողովրդին։ Զանգը՝ շարժիչ ուժ է, որը համախմբում է ժողովրդին՝ նախ իրենց մեջ, ապա իրենց շուրջ։

«Կոչեմ ապրողաց․․․  հենց սա կոչ եղավ, որ ձեռնարկենք այս գործը։ Մենք պարտվող ժողովուրդ չենք, մենք ապրելու ու ոտքի կանգնելու իրավունք  ունենք»,- նշում է Հովհաննես Հովհաննիսյանը։ 

Ներկայացումը նվիրվում է Պարույր Սևակի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում