Ցանկանում եմ աճ տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում. նախկին կոնգրեսական Ջեքի Սփիեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների նախկին կոնգրեսական Ջեքի Սփիերը, խոսելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին, ցանկություն է հայտնել ավելի մեծ աճ տեսնել հայ-ամերիկյան հարաբերություններում։ 

Ջեքի Սփիերն այս մասին նշեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ սփյուռքում ապրող հայերը պարտավոր են արտերկրում լինել Հայաստանի պահապան հրեշտակները։

Բնութագրելով Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացումը և կարևորելով նման միջոցառումների իրականացումը հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների ու կապերի տեսանկյունից՝ նախկին կոնգրեսականը նկատեց. 

«Կարծում եմ՝ գագաթնաժողովը միանշանակ վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։ Նկատի ունեմ, որ սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան այստեղ՝ Հայաստանում: Մենք բոլորս պարտավոր ենք սփյուռքում լինել այս երկրի պահապան հրեշտակները, եթե մենք պատրաստվում ենք Հայաստանը պահել որպես անկախ, ժողովրդավարական երկիր: Իմ կարծիքով՝  նմանատիպ ծրագրերը կարևոր են, քանի որ Հայաստանն այն երկիրն է, որը ելք չունի դեպի ծով և գտնվում է ոչ հարմարավետ հարևանության մեջ: Միացյալ Նահանգների տեսանկյունից՝ ցանկանում ենք ողջունել Հայաստանի ժողովրդավարությունը, թավշյա հեղափոխությունը, ցանկանում ենք ողջունել երկրի՝ դեպի Արևմուտք, դեպի Եվրամիության հետ համագործակցություն հաստատելու ձգտումը: Ես ցանկանում եմ աճ տեսնել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերություններում: Եվ նման իրադարձությունները մեզ օգնում են զարգացնել հարաբերություններն ու գաղափարները՝ համոզվելու համար, որ դա կարող է տեղի ունենալ»: 

Ջեքի Սփիերը, գնահատելով Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների աննախադեպ զարգացումը և դրանց ներկա մակարդակը, հիշեցրեց, որ  15 տարիների ընթացքում, երբ ինքը հանդիսացել է Կոնգրեսի անդամ, հայ-ամերիկյան հարաբերությունները երկար ժամանակ եղել են շատ ջերմ: 

«Մեզ հաջողվեց հասնել Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, մի բան, որը շրջանառության մեջ էր այնտեղ 30 տարի: Եվ դժկամություն կար այն ընդունելու և նախագահի կողմից ստորագրելու առումով՝ վախենալով Թուրքիայի հատուցումից։ Այսպիսով, վերջապես, մենք դա արեցինք», - մանրամասնեց Ջեքի Սփիերը՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ առումով ուժեղ է գտնվել և շատ պատրաստակամ է եղել այդ նախագծի առաջմղման գործում: 

Նախկին կոնգրեսականը նաև ընդգծեց, որ դրանից բացի ցանկացել է ավելացնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող արտաքին օգնությունը։ 

«Անցած տարվա ընթացքում այդ օգնությունը կրկնապատկել ենք՝ հասցնելով 40 միլիոն դոլարի։ Եվ հիմա, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիայի և Արցախի կորստի ու դրա հետևանքով ավելի քան 100,000 արցախահայերի՝ Հայաստան տեղափոխվելը՝ մեզ համար կարևոր է նրանց ինտեգրման ծառայություններ մատուցելը, բնակարանային օգնությունը, մասնագիտական ​​ուսուցումը, որոնք, կարծում եմ՝ կարևոր են լինելու տեղահանված հայ համայնքի համար, ինչպես նաև Հայաստանի հետ մեր հարաբերությունները կառուցելու համար», - իր խոսքում ասաց Սփիերը: 

Անդրադառնալով հարցին, թե ինքը որևէ հնարավորություն տեսնո՞ւմ է արդյոք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք՝ ԱՄՆ նախկին կոնգրեսականը շեշտեց. 

«Երբեք մի ասա երբեք: Սակայն, կարծում եմ, որ խաղաղության համաձայնագիրը կունենա տարրեր, որոնք կխոսեն այդ խնդրի մասին։ Կարծում եմ, որ այստեղ՝ Հայաստանում, նոր կյանք ստեղծելն առաջ շարժվելու լավագույն ճանապարհն է: Մեկնաբանություններից մեկը, որ ես այսօր կրկին ու կրկին արել եմ այս մասին, այն է, որ դադարենք հետ նայել և սկսենք նայել առաջ: Շատ կարևոր է առաջ շարժվելը»:

Դավիթ Մամյան

Հայերեն العربية English Español Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա