ԲՏԱ նախարարությունը միտված է նոր օրենքի նախագծով նվազեցնել Հայաստանում կիբերանվտանգային ռիսկերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է Կիբերանվտանգության մասին օրենքի նախագիծ՝ նպատակ ունենալով նվազեցնել երկրում կիբերանվտանգային ռիսկերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում՝ անդրադառնալով թվային տիրույթում անվտանգությանը:
«Ժամանակակից սպառնալիքները միայն հողի վրա չեն, դրանք տեղափոխվել են այլ տիրույթներ: Եվ շատ կարևոր են կիբերանվտանգային մեր միջոցառումները: Կարող եմ առանձնացնել Կիբերանվտանգության մասին օրենքի նախագիծը, որին, հույս ունեմ, որ շատ շուտով կառավարությունը կտա դրական եզրակացություն և մենք տարեվերջին կսկսենք դրա քննարկումներն Ազգային ժողովում»,–ասաց Հայրապետյանը:
Նախարարը շեշտեց, որ չեն հավակնում Կիբերանվտանգության մասին օրենքով լուծել կիբերանվտանգային բոլոր մարտահրավերները, բայց դա կլուծի մի շարք խնդիրներ, կտրվեն սահմանումներ, կնախատեսվեն կոնկրետ գործիքակազմեր գերատեսչությունների համար, կոնկրետ մեխանիզմներ: Օրենսդրության ընդունումից հետո անելիքները նա շատ համարեց:
«Դա միտված է Հայաստանում կիբերանվտանգային ռիսկերը նվազեցնելուն, իսկ լավագույն պարագայում՝ չեզոքացնելուն»,–նշեց նա:
Նախարարը հավելեց, որ ՀՀ կառավարությունը փորձում է օպերատիվ կերպով արձագանքել առկա մարտահրավերներին, օրենսդրական հիմք ապահովելուց հետո համապատասխան գործիքակազմերով պետք է հարստացնի իր կարողությունները՝ ժողովրդին պաշտպանելու կիբերանվտանգային ռիսկերից: