Ռուսաստան

Wildberries-ի մոսկովյան գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել, 3 մարդ վիրավորվել է

3 րոպեի ընթերցում

Wildberries-ի մոսկովյան գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել, 3 մարդ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Wildberries ընկերության մոսկովյան գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել։ Ընկերությունը հայտնել է, որ Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է անօրինական կերպով ներխուժել գրասենյակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տատյանա Բակալչուկը Telegram-ի իր ալիքում գրել է, որ միջադեպի հետևանքով երեք մարդ է վիրավորվել։

«Այսօր Վլադիսլավ Բակալչուկի, Սերգեյ Անուֆրիևի և Վլադիմիր Բակինի ղեկավարությամբ մի խումբ մարդիկ փորձել են գրավել Wildberries-ի գրասենյակները Մոսկվայում։ Երեք մարդ վիրավորվել է, մենք ճշտում ենք նրանց վիճակը», - գրել է նա։

Wildberries-ի ղեկավարը դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով նրանց վերահսկել իրավիճակը և հրապարակել հետաքննության արդյունքները։

«Հայտարարությունը ենթադրյալ բանակցությունների մասին, որոնց համար եկել է զինված խումբը, անհեթեթ է հնչում, քանի որ ոչ ոք ոչ մի բանակցության մասին չէր պայմանավորվել…. Եվ ահա, ռեյդերների ներխուժում, ավելի ճիշտ՝ դրա անհաջող փորձ։

Ավելի վաղ Վլադիսլավ Բակալչուկը հայտնել էր, որ իր և իր թիմի վրա հարձակվել են, երբ նա ժամանել է Ռոմանովի նրբանցքում գտնվող գրասենյակ՝ պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների համար։

Իրավապահ մարմիններից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ միջադեպի առնչությամբ ութ մարդ բերման է ենթարկվել, կատարվում են օպերատիվ-քննչական գործողություններ։

Այս տարվա հունիսին Wildberries-ը հայտարարեց արտաքին գովազդի Russ օպերատորի հետ միավորվելու մասին: Մասնակիցները չեն բացահայտել գործարքի իրավական և ֆինանսական պայմանները. միաձուլումից հետո ստեղծված իրավաբանական անձի կազմում Wildberries-ի և Russ-ի բաժնետոմսերը կազմել են 65 % և 35%:

Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը սուր քննադատության է ենթարկել գործարքը, որում, նրա կարծիքով, Russ-ի արժեքը մեծապես ուռճացվել է: Իր հերթին, նրա կինը և ընկերության հիմնական սեփականատերը՝ Տատյանա Բակալչուկը, կտրականապես համաձայն չէ գործարքի դեմ փաստարկների հետ: Զուգահեռաբար, գործարքի վերաբերյալ հեռակա կարգով հրապարակային մեկնաբանությունների փոխանակումից հետո Տատյանա Բակալչուկը հայտարարել է, որ ամուսնալուծության հայց է ներկայացրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌՎԲ ընկերությունը, որը ստեղծվել է Wildberries-ի և Russ-ի միաձուլման արդյունքում, հայց է պատրաստում Վլադիսլավ Բակալչուկի «ՎԲ Դևելոփմենտ» ընկերության դեմ՝ նշելով, որ վերջինս Wildberries-ին պարտք է մոտ 27 միլիարդ ռուբլի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում