Մերձավոր Արևելք

Լիբանանում փեյջերների պայթյունից կա 9 զոհ, հազարավոր վիրավորներ. հարձակումը վերագրվում է «Մոսադ»-ին

2 րոպեի ընթերցում

Լիբանանում փեյջերների պայթյունից կա 9 զոհ, հազարավոր վիրավորներ. հարձակումը վերագրվում է «Մոսադ»-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ներմուծած հազարավոր փեյջերների պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել, գրեթե 3000 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ պայթուցիկ նյութը տեղադրվել է 5000 փեյջերի մեջ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության կողմից։ 

Պայթած փեյջերներն, ըստ գործակալության աղբյուրի, Իսրայելի հետախուզական ծառայության կողմից փոփոխության են ենթարկվել արտադրության փուլում։ 

«Սարքի ներսում «Մոսադ»-ը վահանակ է տեղադրել, որն ունի պայթուցիկ նյութ, որը կոդ է ստանում։ Այն շատ դժվար է որևէ կերպ հայտնաբերել՝ նույնիսկ սարքի կամ սկաների միջոցով», - ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ 3000 փեյջերներ պայթել են, երբ դրանց ուղարկվել է կոդը՝ միաժամանակ ակտիվացնելով պայթուցիկները։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ փեյջերները Թայվանում տեղակայված Gold Apollo ընկերության արտադրանքն էին, սակայն ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դրանք պատրաստվել են BAC ընկերության կողմից, որն ունի իր ապրանքանիշն օգտագործելու արտոնագիր։

«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Իսրայելին։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած հարձակումից հետո խմբավորումը հայտարարել է, որ դիմադրության ուժերը կշարունակեն իրենց գործողությունները Գազային աջակցելու համար, ինչը «առանձին է այն խիստ պատժից, որը հանցավոր թշնամին պետք է սպասի՝ ի պատասխան երեքշաբթի օրվա կոտորածի»։

Reuters-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ «Հեզբոլլահ»-ի մարտիկները որպես հաղորդակցության միջոց օգտագործում են փեյջերներ, որպեսզի Իսրայելը չտեղորոշի իրենց։ «Հեզբոլլահ»-ը փետրվարին իր աջակիցներին հայտնել էր, որ հեռախոսները վտանգավոր են, և կարգադրել էր ազատվել դրանցից։ Փոխարենը խմբավորումը փեյջերներ էր բաժանել տարբեր ճյուղերում իր անդամներին՝ մարտիկներից մինչև բժիշկներ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում