Սփյուռք

Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սփյուռքը մեր երկրի և մեր քաղաքացիների հարստությունն է՝ իր բազմազանությամբ, դերակատարությամբ ու հնարավորություններով, և համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետությունն աշխարհասփյուռ հայության տունն ու հանգրվանն է՝ անկախ ժամանակից, իշխանություններից, ներքին ու արտաքին զարգացումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ելույթ ունենալով Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ: 

«Այսօրինակ միջոցառումները սպասված և ուրախալի հերթական առիթն են միմյանց հանդիպելու, մեր առջև կանգնած խնդիրները բացահայտելու և միասնական ջանքով դրանց լուծումներ գտնելու համար: Մեզ համար միշտ կարևոր է Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումների յուրաքանչյուր առիթ՝ ձեզ մտահոգող ու հուզող խնդիրներին առավել հանգամանալից ծանոթանալու տեսանկյունից: Այն նաև հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած արդի մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, մեր երկրի առաջընթացին ու զարգացմանն առնչվող հարցեր»․- ասաց Խաչատուրյանը: 

ՀՀ նախագահի դիտարկմամբ՝ ժամանակի և մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների անկասելի ընթացքի մեջ, երբ մենք ականատես ենք արագընթաց զարգացումների, տեխնոլոգիաների, գիտության, հաղորդակցության և անգամ աշխարհակարգերի փոփոխությունների, որոնք առաջադրում են նոր մարտահրավերներ և պահանջում նոր լուծումներ ու սկզբունքներ, երբեմն հրամայական է դառնում խմբագրել ավանդական հարաբերություններին ու աշխատակարգերը: Այս առումով միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է: 

Խաչատուրյանը հիշեցրեց, որ շատ հաճախ, սփյուռքի հայրենակիցների հետ հանդիպումներում ասում է, որ նրանք մեր երկրի դեսպաններն են ամբողջ աշխարհում, ուստի՝ եթե պատկերավոր ասենք՝ ի դեմս նրանց Հայաստանն ունի աշխարհում ամենամեծ դիվանագիտական ապարատը, քանի որ նրանք լինելով իրենց երկրների արժանավոր և պատասխանատու քաղաքացիներ, միաժամանակ ներկայացնում են նաև այսօրվա Հայաստանը, մեր մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը։

ՀՀ նախագահը նշեց, որ այսօր մենք կանգնած ենք պատմության առանցքային փուլում՝ արմատական փոփոխությունների, նոր հարաբերությունների և հնարավորությունների ժամանակաշրջանում: Չնայած բոլոր առկա խնդիրներին, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության դարաշրջան հաստատելու իր հանձնառությանը: 

«Մենք ձեռնամուխ ենք եղել համընդգրկուն բարեփոխումների իրականացման՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, երկրի պաշտպանունակության բարձրացմանը, տնտեսական մրցակցային և գրավիչ միջավայրի ձևավորմանը, երկրում արդարադատության հաստատմանը, քաղաքացիների կյանքի որակի, բարեկեցության բարելավմանը: Այս բարեփոխումներն այն հիմքն են, որի վրա կառուցում ենք ավելի անվտանգ, արդար, բարգավաճ, ներառական և հզոր Հայաստան։ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք բախվում ենք մարտահրավերների, որոնք ստուգում են մեր վճռականությունը, ուժն ու ճկունությունը: Ձեր ներգրավվածությունը չափազանց կարևոր է՝ լինի դա մշակութային նախաձեռնությունների, կրթական ծրագրերի կամ ներդրումների միջոցով: Հավատացած եղեք, որ հեռավորությունը չի կարող նվազեցնել մեր ընդհանուր կապը, ձեր ձայնը լսելի է, ձեր գործողությունները կարևոր են, և մենք միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որը կարտացոլի մեր հավաքական ձգտումները»,- եզրափակեց ՀՀ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում