Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի որոշում

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի որոշում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազը Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի որոշում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Հաղորդագրության մեջ հիշեցնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը հրապարակել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով (ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների) կայացված որոշումը, որով բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

«Ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա պայմաններում Առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն իրավաչափ չէ, և որ Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելուց հետո, մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը, մեղադրողն իրավասու է եղել փոփոխելու նշված անձանց մեղսագրված արարքի իրավաբանական գնահատականը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ վերոնշյալ քրեական գործով մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում:

«Գործի շահերից ելնելով՝ այս փուլում այլ մանրամասներ չեն ներկայացվում»,- ասացին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում