Քաղաքականություն

Ադրբեջանի պատասխանատվությունն է մինչև COP29-ը ցույց տալ, որ անկեղծորեն խաղաղություն է ցանկանում. Սեժուրնե

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պատասխանատվությունն է մինչև COP29-ը ցույց տալ, որ անկեղծորեն խաղաղություն է ցանկանում. Սեժուրնե

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պատասխանատվությունն է նախքան COP29-ը ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդիպմանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին:

«Ֆրանսիան աջակցում է մի պայմանագրի ստորագրմանը, որը արդար ու կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով երկու երկրների սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը: Սա Ալմա-Աթայում 1991-ին ստորագրված փաստաթղթի ամբողջ իմաստն է: Պրահայում ևս քաղաքական հանրությանն այս նույն գաղափարն է ներկայացվել 2022-ին»,-ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ կարևորելով խաղաղության հաստատումը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ նա ասաց, որ օգոստոսի 30-ին ձեռք բերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ է գնում: Ֆրանսիան աջակցում է այդ գործընթացին՝ հիմնվելով սուվերենության և տարածքային ամբողջականության սկզբունքներին: 

«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության մի շրջան, որը հնարավորություն կտա  զարգացնել առևտուրը,  Հայաստանն էլ կբարգավաճի»,-նշեց Սեժուրնեն:

Նա ընդգծեց՝ Հայաստանը, Ֆրանսիան, միջազգային հանրությունը ցանկանում են խաղաղություն:

«Քանի որ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել այդ խաղաղությանը նախքան COP29-ը: Կարծում եմ՝ պետք է կարողանալ շատ արագ առաջ գնալ այս թեմայի ուղղությամբ»,-ասաց Սեժուրնեն:

COP29-ը նոյեմբերին կանցկացվի Ադրբեջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում