Իրավունք

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ

4 րոպեի ընթերցում

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում՝ 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել  Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող տարածքում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են համակարգիչներ, այդ թվում՝ սերվերային համակարգիչ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դրանց թվային խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «1C» առևտրային ծրագիր՝ մի քանի փոխկապակցված ընկերությունների կողմից կատարված մեծածախ իրացման գործարքների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Կատարված ուսումնասիրության և լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ 2012-2024թթ. ժամանակահատվածում այդ ընկերություններից մեկի՝ «Մ․․․» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորության չափը առանց տույժերի և տուգանքների կազմում է 102 մլն 258 հազար 184 ՀՀ դրամ։ 

«Այդ առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ «Մ․․․» ՍՊԸ-ի նախկին տնօրենի և հիմնադրի (ում պատկանող տարածքում կատարվել էր խուզարկությունը) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ գործող տնօրենի նկատմամբ՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Որոշումներ են կայացվել դատարան ներկայացնելու համար ձերբակալել մեղադրյալներ՝ ընկերության նախկին տնօրենին և հիմնադրին։

Սեպտեմբերի 3-ին վերջինս ձերբակալվել է, ներկայացվել քննիչին և նրան ներկայացվել է մեղադրանք: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:

Հետագա նախաքննության ընթացքում վերջինս տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել, որ «Մ....» ՍՊԸ-ի կողմից պակաս են վճարվել հարկերը, և պատրաստակամություն հայտնել հատուցելու պետությանը պատճառված վնասը:

Հետագայում ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև նախկին տնօրենը, ով նույնպես տվել է խոստովանական ցուցմունք՝ պատրաստակամություն հայտնելով հատուցելու պետությանը պատճառված վնասը, գործող տնօրենը ներկայացել է ինքնակամ՝ ևս տալով խոստովանական ցուցմունք։

Հարկային մարմին են ներկայացվել ճշտված հաշվարկներ, և ՀՀ պետական բյուջե է վճարվել ընդհանուր 102 մլն 259 հազար ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորության գումար: 

Ըստ աղբյուրի՝ ընկերության հիմնադրի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է բացակայելու արգելքը։  

«Մ․․․» ՍՊԸ-ում և նրան փոխշաղկապված ևս մի քանի կազմակերպություններում նշանակվել է համալիր հարկային ստուգում։    

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում