Իրավունք

ՀՀ սահմանադրական դատարանը և Իրաքի դաշնային գերագույն դատարանն ստորագրել են համագործակցության հուշագիր

3 րոպեի ընթերցում

ՀՀ սահմանադրական դատարանը և Իրաքի դաշնային գերագույն դատարանն ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով սեպտեմբերի 7-ից 13-ը կատարած պաշտոնական այցով Հայաստանում Իրաքի Հանրապետության դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակում ՀՀ ՍԴ-ում տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական դատարանի և Իրաքի գերագույն դաշնային դատարանի առաջին համատեղ աշխատաժողովը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի և Իրաքի բարձր դատարանների ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել ՀՀ ՍԴ և Իրաքի ԴԳԴ կառուցվածքին, գործունեության առանձնահատկություններին, հանրային իշխանության համակարգում բարձր դատարանների դերին, այլ դատարանների և սահմանադրական մյուս մարմինների միջև փոխհարաբերություններին։ 

Աշխատաժողովն ամփոփվել է «ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության մասին» հուշագրի ստորագրմամբ։ Հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակի ստեղծմանը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, երկու երկրների սահմանադրական իրավունքների և դրանց գործնական կիրառման ուսումնասիրությանը՝ սահմանադրական իրավունքի ոլորտում վեճերի լուծման համատեքստում՝ նպատակ հետապնդելով խթանել սահմանադրական արդարադատությունը և երաշխավորել համընդհանուր ճանաչում ունեցող ժողովրդավարական սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության երաշխիքները։ 

Ըստ աղբյուրի՝ կարևորելով հուշագրի ստորագրմամբ հարաբերությունների մեկնարկը՝ ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ հուշագրով նախանշված դրույթները գործնական դրսևորում կստանան՝ դառնալով սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-իրաքյան արդյունավետ համագործակցության գրավական։ 

ԻՀ ԴԳԴ գերագույն դատարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Աբուդը, ընդգծելով Իրաքի բարձր դատարանի պատվիրակության Հայաստան կատարած պաշտոնական այցի կարևորությունը և շնորհակալություն հայտնելով հրավերի համար, իր հերթին, ՀՀ ՍԴ նախագահին և դատավորներին հրավիրել է փոխադարձ պաշտոնական այց կատարել Իրաքի Հանրապետություն՝ համոզմունք հայտնելով, որ նման աշխատանքային հանդիպումները զորեղ ազդակ կհանդիսանան երկու երկրների բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունների զարգացման համար։ 

Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Իրաքի դաշնային գերագույն դատարանի պատվիրակությունն այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծանոթացել Մայր տաճարի թանգարանում պահվող սրբազան մասունքներին և կրոնական արվեստի ուրույն նմուշներին, ինչպես նաև Մատենադարան, որտեղ երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները ծանոթացել են հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։ Հյուրերն այցելել են նաև Գեղարդի վանական համալիր, եղել են Գառնու հեթանոսական տաճարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում