Իրավունք

Աղավնաձոր բնակավայրին հարող հողամասի նկատմամբ ճանաչվել է ՀՀ սեփականության իրավունքը

2 րոպեի ընթերցում

Աղավնաձոր բնակավայրին հարող հողամասի նկատմամբ ճանաչվել է ՀՀ սեփականության իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է, և Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Դատարանի վճռով շուկայական արժեքին մոտարկված՝ ընդհանուր 9 մլն 388 հազար դրամ կադաստրային արժեքով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասին տրվել է Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 26 հասցեն: 

Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերի վերաբերյալ Գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է 14 քաղաքացիական հայց, որոնց շրջանակներում վիճարկվում են շուրջ 465 հազար 770 քմ մակերեսով հողամասերի աճուրդները: Հայցերից 8-ով կայացվել են վճիռներ՝ պետության օգտին. 4 վճիռ մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ ընդհանուր 60 հազար 197 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում