Իրավունք

Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանն ապօրինի գույքի բռնագանձման գործով 500 հազար դոլար կփոխանցի պետությանը

3 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանն ապօրինի գույքի բռնագանձման գործով 500 հազար դոլար կփոխանցի պետությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։  

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում որոշում էր կայացվել Ալիկ Միրզաբեկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսել ուսումնասիրություն:

Պատասխանողների ներկայացրած լրացուցիչ նյութերի և դիրքորոշումների հիման վրա՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության վերադարձնել՝

Ø  5 անշարժ գույք.

Ø  1 տրանսպորտային միջոց.

Ø  12 բանկային ավանդ և պարտատոմսեր.

Ø  20 մլն 384 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

Ø  54 մլն 210 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

2024 թվականի օգոստոսի 30-ին շահագրգիռ անձանց կողմից ներկայացվել է վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու վերաբերյալ դիմում:

2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանողները պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ, ինչը կազմում է հայցագնի 79 տոկոսը:

2024 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության և պատասխանողների միջև կնքված հաշտության համաձայնությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հաստատման (Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում)։                                     

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում