Հայաստան

«Աբովյան» ՔԿՀ-ում տեղի ունեցավ միջազգային չափանիշներով վերակառուցված մասնաշենքերի բացման արարողությունը

6 րոպեի ընթերցում

«Աբովյան» ՔԿՀ-ում տեղի ունեցավ միջազգային չափանիշներով վերակառուցված մասնաշենքերի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցվել և միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող պայմաններով շահագործման է հանձնվել երկու մասնաշենք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությանը  ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Շատ կարևոր է ընդգծել ԵՄ մեր գործընկերների գործուն աջակցությունն այս կարևոր նախագծում, առանց որոնց այս աշխատանքն իրականացնելը շատ դժվար կլիներ։Ներկայումս ընթանում են նաև այլ մասնաշենքերի շինարարական աշխատանքներ, որոնք նախատեսում ենք ավարտին հասցնել հենց այս տարի, բայց նաև 2025 թվականին ավարտելու ենք ամբողջ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի շինարարական աշխատանքները և այս հատվածական մեր հաջողությունները կկարողանանք ամփոփել մեծ, միջազգային ստանդարտներին համապատասխանեցված նոր քրեակատարողական հիմնանորոգված հիմնարկով»,-ասաց Արդարադատության նախարարը՝ հավաստիացնելով, որ կառավարության նախաձեռնած բարեփոխումները շարունակական են լինելու։

Մինասյանը օրը խորհրդանշական համարեց նաև այն առումով, որ համակարգում մեկնարկել է նաև ատեստացիայի գործընթացը, ինչն, ըստ նրա, նշանակում է շինարարական բարեփոխումներին զուգահեռ, այն մարդկանց պրոֆեսիոնալիզմի կատարելագործում, որոնց ուսերին դրվելու է քրեակատարողական ծառայության միջազգային չափանիշների համապատասխանեցումը։

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորեց ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքների երաշխավորումը, այդ թվում՝ նրանց հասանելի տարբեր ծառայությունների և նրանց միջավայրի պատշաճ մակարդակը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

«Այդ հանգամանքների չերաշխավորումը շատ հաճախ հանգեցնում է տարբեր խնդիրների՝ թե արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դիտանկյունից, թե կարող է հանգեցնել իրավունքի տարբեր այլ խախտումների, օրինակ՝ կրթության, կանանց իրավունքների, հղիների ու  մինչև 3 տարեկան երեխաների խնամող կանանց իրավունքների հետ կապված հարցերի։ Այդ խնդիրները մենք ոչ միայն արձանագրել ենք, այլև  տարբեր ձևաչափերով անընդհատ ենք դրա վերաբերյալ խոսել։ Ամեն դեպքում կուզենամ հատուկ արձանագրել, որ այդ խնդիրները թեև առկա են, բայց դրանց մի մասն այսօրվա միջոցառման պատճառի համատեքստում իր լուծումները ստանում է»,-ասաց Մանասյանը։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադառնալով կատարված աշխատանքին, կարևորեց հասարակության մատուցվող այն ծառայությունը, որն իրականացվել է։

«Շատ կարևոր է նաև, որ դա իրականացվի  միջազգային ու եվրոպական ստանդարտների համաձայն, որի շուրջ մենք սերտ համագործակցություն ենք իրականացնում Արդարադատության նախարարության և Օմբուդսմենի գրասենյակի հետ։ Այն հրաշալի արդյունքը, որին այսօր ականատես ենք լինելու, ցույց է տալիս, որ այն ամենն ինչ անում ենք ի նպաստ այս երկրի քաղաքացիների է արվում։ Ձեր աշխատանքի ու կառավարության ուշադրության արդյունքում բոլոր մակարդակներով և ուղղություններով դուք ի ցույց եք դնում, որ չկա որևէ շերտ, որն անուշադրության է մատնվել և կարիք ունի հատուկ ուշադրության»,-համոզմունք հայտնեց Մարագոսը՝ անհրաժեշտություն համարելով ազատազրկված անձանց  իրավունքների պատշաճ իրականացումն ու պաշտպանությունը, ընդ որում՝ նրանց վերաինտեգրվելու հնարավորության ընձեռումը։

ԵՄ դեսպանն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը շեշտեց որպես ՀՀ-ԵՄ ղ համագործակցության ընդլայնման  հիմնական ուղղություններից մեկը, որը վերաբերելի է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում հանձնառություններին։ 

Բացման արարողությունից հետո ներկաները շրջայց կատարեցին ՔԿՀ վերանորոգված մասնաշենքերում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին։

Կատարված աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերանորոգվել են ազատազրկված կանանց մասնաշենքը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ՝ հագեցած համապատասխան ժամանակակից գույքով ու սարքավորումներով: 

«Աբովյան» ՔԿՀ-ում այժմ ընթանում են մեկուսարանի և վարչական հատվածի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված են շահագործման հանձնել ընթացիկ տարում: 

Շինարարական աշխատանքների վերջին փուլը կիրականացվի 2025 թվականին, որի արդյունքում վերանորոգվելու է քրեակատարողական հիմնարկի ամբողջ տարածքը:

 Աշխատանքները ներառելու են անչափահասների մասնաշենքը, քաղաքացիների ընդունելության սրահը, հանձնուքների ընդունման կետը, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակները, քննչական և փաստաբանական գործողությունների սենյակները և հերթապահ մասը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում