Մշակույթ

Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված կոնցերտի պրեմիերան՝ Երևանում

2 րոպեի ընթերցում

Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված կոնցերտի պրեմիերան՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի ռուս կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտը, որի հիմքում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքն է, առաջին անգամ կհնչի Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու աղոթագրքի գրաբար տեքստի հիման վրա: 

«Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտը կհնչի «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովը։ Համերգին կհնչեն նաև Սերգեյ Եկիմովի «Այն խոսքը, որով կդատապարտես ինձ» (То слово, что мне скажешь в осужденье) երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի՝ Նաում Գրեբնևի ռուսերեն թարգմանությամբ (հայաստանյան պրեմիերա), ինչպես նաև հեղինակի երգչախմբային երեք մանրերգեր՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների և երգչախմբային կոնցերտ՝ ըստ Աննա Ախմատովայի բանաստեղծությունների:

Համերգին կատարելու են նաև Կոմիտասի մի շարք խմբերգեր, կկայանա ժամանակակից կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի «Որտեղի՞ց այսքան քնքշանք» (Откуда такая нежность) երգչախմբային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Մարինա Ցվետաևայի բանաստեղծության հիման վրա: 

Սեպտեմբերի 13-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դիրիժոր Իվան Ստոլնիկովը կանցկացնի երգչախմբային արվեստի վարպետության դաս։ Մուտքն ազատ է։

Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում