Մշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 99-րդ համերգաշրջանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 99-րդ համերգաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Հարոլդ Քլարքսըն): 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից,  այս տարվա փառատոնի հյուրերն են լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, անվանի երաժիշտներ Դանիել Մյուլլեր-Շոթը (թավջութակ), Հրաչուհի Բասենցը (սոպրանո), Հելմուտ Դոյչը (դաշնամուր), Կարոլին Վիդմանը (ջութակ), Բարրի Դուգլասը, (դաշնամուր), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Ինգո Մեցմախերը (դիրիժոր), Իլյիչ Ռիվաս (դիրիժոր) և այլք:

Փառատոնի հանդիսավոր բացմանը՝ սեպտեմբերի 12-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա անվանի ջութակահար Արաբելլա Շտայնբախերը: Նա կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհնչի նաև Սմետանայի «Վլտավա»-ն՝ «Իմ հայրենիք» սիմֆոնիկ պոեմից, ինչպես նաև Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը:

Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում ուշադրության կենտրոնում են չեխ կոմպոզիտորներ Դվորժակի, Սմետանայի, Յանաչեկի, Մարեկ Կեպրտի, Լուբոշ Ֆիշերի ստեղծագործությունները: Բացի սիմֆոնիկ ծրագրերից՝ փառատոնի ընթացքում կհնչի նաև կամերային երաժշտություն՝ հանդիսատեսի համակրանքը վայելող «Ավետիս» լարային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Տեղի կունենան հայաստանյան և համաշխարհային մի շարք պրեմիերաներ ու հրավիրյալ երաժիշտների վարպետության դասեր:

Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:

Փառատոնի  իրականացման աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում