Մշակույթ

Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց Մարինե Մանուկյանի  «Լռության ձայն» խորագրով անհատական ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց Մարինե Մանուկյանի  «Լռության ձայն» խորագրով անհատական ցուցահանդեսը

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց ծննդով գյումրեցի, մասնագիտությամբ իրավաբան Մարինե Մանուկյանի «Լռության ձայն» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նկարչուհին Գյումրիում բնակվել է մինչև 1988-ի երկրաշարժը։ 

Պատկերասրահի առաջին ցուցասրահում նկարչուհու արևի մասին ստեղծագործություններն են, իսկ 2-րդում՝ աբստրակտ ստեղծագործությունները։

Մարինեն նկարել սկսել է բավական ուշ, երբ ասելիքն այլևս չի տեղավորվել ընտրած մասնագիտության շրջանակում։ «Հարազատ քաղաքում ցուցահանդես անցկացնելու միտքը վաղուց էր ծնվել՝ դեռ մի քանի տարի առաջ։ Սա իմ թվով երրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց պիտի անկեղծանամ ձեզ հետ ու ասեմ, որ ամենից շատ հենց այսօր եմ հուզվում։ Իմ ծննդավայր Գյումրու հետ են կապված մանկությանս ամենաջերմ հուշերը։ Գյումրիում ապրել եմ մինչև երկրաշարժը, տեղափոխվեցի Երևան, երբ դեռ անչափահաս էի ու երբ ինձ համար այդքան հարազատ քաղաքը մի քանի րոպեում վերածվեց ավերակների։ Ես լքեցի քաղաքս ծանր սրտով, ու այդ զգացողությունն ինձ հանգիստ չէր տալիս։ Հիմա վերադարձել եմ վերածնված Գյումրի՝ հարազատ քաղաքիս բերելով մի քիչ սեր, ջերմություն, արևներ։ Ես սկսեցի նկարել բավական ուշ, երբ ասելիքս չէր տեղավորվում իմ ընտրած մասնագիտության շրջանակներում, երբ զգացմունքներիս ու հույզերիս արտահայտման ավելի հարմար միջոց չկարողացա գտնել։ Իմ գեղանկարների միջոցով փորձում եմ լսելի դարձնել լռության ձայնը` խլացնելով դրական զգացողություններով»,- խոսելով ցուցահանդեսի մասին նշեց՝ Մարինե Մանուկյանը։

Նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է Հայաստանի նկարիչների միությունում, որի պատվավոր անդամն է, 2-րդը՝ Ազգային ժողովում, իսկ 3-րդն արդեն Գյումրիում:

Արմենուհի Մխոյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում