Արմավիրի մարզում ոստիկանության ծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակոցներ արձակելու, դրա արդյունքում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության և մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

«Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող` Ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, այլոց համար վտանգավոր եղանակով, կրակոցներ արձակելու, դրա արդյունքում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության և մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ` դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու համար։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։ 

Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ընթացիկ արդյունքների մասին հետագայում տեղեկատվություն կտրամադրի»,- գրել է Աբրահամյանը։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ 

ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ապանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ «Ուշադրություն․ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,- գրել է Նարեկ Սարգսյանը։

Նարեկ Սարգսյանը նաև հայտնել է հանցագործության հետևանքով զոհված և հրազենային վիրավորմամբ հիվանդանոց տեղափոխված ոստիկանների անունները։ «Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։

Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։ Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն,- գրել է ՆԳՆ խոսնակը։

Հայաստան

Արմավիրի մարզում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ոստիկան զոհվել է

 

Հայերեն

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան