Տնտեսություն

Հայաստանը BBC-ի, Euronews-ի և Forbes-ի էջերում. Զբոսաշրջության կոմիտեն միջազգային նոր համագործակցություններ ունի

6 րոպեի ընթերցում

Հայաստանը BBC-ի, Euronews-ի և Forbes-ի էջերում. Զբոսաշրջության կոմիտեն միջազգային նոր համագործակցություններ ունի

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Զբոսաշրջության կոմիտեի միջազգային նոր համագործակցությունների արդյունքում Հայաստանն այս տարի հայտնվել է BBC-ի, Euronews-ի և Forbes-ի էջերում: Հեղինակավոր լրատվամիջոցների մեծ լսարանին է ներկայացվել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ընդգծեց Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության ղեկավար Անուշիկ Սահակյանը՝ նշելով, որ նման համագործակցությունների լավագույն հարթակը ճանաչողական այցերն են, որոնք էլ հնարավորություն են տալիս հայտնվել արտասահմանյան տարբեր պարբերականների էջերում և բլոգներում:

«Ճանաչողական այցերի շրջանակում թիրախային երկրներից ընտրվում են մեդիա ներկայացուցիչներ, բլոգերներ, որոնց մենք հրավիրում ենք Հայաստան՝ միջինում 4-5 օրով՝ հատուկ ծրագրով, որի ընթացքում իրենց ծանոթացնում ենք մեր երկրի հետ: Հետո նրանք հոդվածների և նյութերի տեսքով հրապարակումներ են անում մեդիա հարթակներում և սոցցանցերում և այն հարթակներում, որտեղ աշխատում են:

Նման այցեր այս տարի արդեն իրականացվել են, որի արդյունքում հայտնվել ենք Forbes-ի էջերում, որը շատ մեծ քայլ էր մեզ համար: Շուտով պատրաստ կլինի BBC-ի նկարահանած տեսահոլովակը, որը վերջնական հաստատման փուլում է: Այն կցուցադրվի իրենց ալիքներով և կտրամադրվի նաև մեզ, որպեսզի մենք նույնպես այն տարածենք: Euronews-ի հետ համագործակցությունը հոդվածների տեսքով է՝ երկու հոդվածից առաջինը տպագրվել է, երկրորդին դեռ սպասում ենք»,-նշեց Անուշիկ Սահակյանը:

Նա ընդգծեց՝ նման հոդվածները Հայաստանի համար շատ կարևոր են, քանի որ սրանք հեղինակավոր լրատվամիջոցներ են և ունեն շատ մեծ լսարան:

Անդրադառնալով միջազգային հարթակներում ծավալվող մյուս աշխատանքներին, Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության ղեկավարը նշեց, որ, ըստ կատարված ուսումնասիրությունների և վիճակագրական տվյալների՝ ամեն տարի ընտրվում են թիրախային երկրներ, որոնց ուղղությամբ էլ հենց տարվում են համապատասխան աշխատանքները: Այս տարի թիրախային երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, ԱՄՆ-ն, եվրոպական երկրներից՝ Իտալիան,  Ֆրանսիան, Գերմանիան:

Անդրադառնալով միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցությանը՝ Սահակյանը նշեց, որ այս տարի Դուբայում և Բեռլինում արդեն Հայաստանը ներկայացել է հատուկ զբոսաշրջային հնարավորությունները ցուցադրող տաղավարով: Առաջիկայում՝ հոկտեմբերի վերջին, նման ցուցահանդես կլինի Սիգապուրում, որը Հայաստանի համար նոր շուկա է, և սրանք առաջին քայլերն են ասիական շուկա մուտք գործելու ուղղությամբ: Իսկ այս տարվա վերջին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին Հայաստանը ևս կմասնակցի, կլինի Լոնդոնում:

«Նշեմ, որ ցուցահանդեսներին զուգահեռ նաև կազմակերպում ենք ճանաչողական այցեր: Այս տարի արդեն ունեցել ենք ՌԴ-ի երկու քաղաքում՝ Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, հոկտեմբերի 2-ին լինելու է Իսպանիայի Մադրիդ և Բարսելոնա քաղաքներում և արդեն հոկտեմբերի վերջին կլինի Ճապոնիայի Տոկիո քաղաքում: Նշեմ, որ այս ճանաչողական այցերը երկու կողմի տուրօպերատորներին հնարավորություն է տալիս ծանոթանալ և գործընկերային հարաբերություններ ձեռք բերել»,-ավելացրեց Անուշիկ Սահակյանը:

Նա նշեց՝ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանում և արտերկրում աշխատում է չորս ուղղությունով, որպեսզի  զբոսաշրջիկին ներկայացնեն Հայաստանը համակողմանի:

«Մեր ուղղություններն են բնությունը, արկածային մշակույթը, խոհանոցը և գինին: Հայաստանում նույնպես այս ուղղություններով աշխատանքներ տարվում են, այս տարի արդեն կայացել է մեր «Բացահայտի՛ր Հայաստանը» Domestic Tourism Expo 2023-ը, որտեղ փորձել ենք զբոսաշրջիկներին ներկայացնել, թե յուրաքանչյուր մարզում ի՞նչ առաջարկներ ունենք: 

Այս տարի ևս մեկ կարևոր իրադարձություն ունենք՝ սեպտեմբերի 11-13-ը Հայաստանում կկայանա ՄԱԿ Զբոսաշրջության (UN Tourism) կողմից կազմակերպվող հեղինակավոր 8-րդ «Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողով»-ը: Սա մեծ իրադարձություն է մեզ համար, քանի որ այն թույլ կտա ամբողջ աշխարհի գինեգործներին և գինու սիրահարներին հրավիրել Հայաստան»,- ասաց նա:

Հայաստանը հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկիր է, և այդ ամենը հրաշալի արտահայտվում են փառատոններում: Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության ղեկավարն ընդգծեց՝ դրանք նաև զբոսաշրջիկին ճիշտ ուղղորդելու գործիք են: Ըստ նրա՝ վերջին տարիներին Հայաստանում շատ փառատոններ են անցկացվում. կոմիտեն այս տարի ևս աջակցում է 12 փառատոնի իրականացմանը, որոշ փառատոններ արդեն կայացել են: Անուշիկ Սահակյանը նշեց՝ հոկտեմբերի առաջին կեսին կանցկացվի արդեն ավանդույթ դարձած օդապարիկների ամենահետաքրքիր և վառ փառատոնը:

Գայանե Գաբոյան 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում