ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարն ու Տատյանա Կոժոկարուն, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը,  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քննարկման առանցքային թեման են եղել Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր:

Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան, վատ վերաբերմունքի դեպքերին և այդ գործերի քննության արդյունավետությանը, ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դրսևորումներին, ոչ համաչափ ուժի կիրառմանը, նշված դեպքերով գործերի քննությանը, ատելության շարժառիթով հանցագործությունների քննությանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է Եվրոպայի Խորհրդի հետ ծրագրային համագործակցության կարևորությունը՝ շեշտելով, որ համատեղ իրականացված ծրագրերը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր բնույթ են կրում։

«Այն բոլոր խնդիրները, ՄԻԵԴ վճիռների կատարման ոլորտում, որոնք այսօր մենք քննարկելու ենք, ինձ համար ունեն առաջնային նշանակություն, այս ուղղությամբ մենք պարբերաբար աշխատանքներ ենք տանում և հանդես գալիս հրապարակային հայտարարություններով»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ հարցերին մանրամասն անդրադարձ է կատարել տարեկան հաղորդման շրջանակներում, ներկայացրել դրանց լուծման առաջարկներ։ Ի թիվս այլնի, Պաշտպանը կարևորել է նշված առաջարկների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը։

Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության համագործակցությանն առնչվող հարցերին, մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը։

Ամփոփելով՝ կողմերը շնորհակալություն են հայտնել հանդիպման և կառուցողական քննարկման համար։

 

 

 

Հայերեն

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը