Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի հյուսիսային շրջանների վրա

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի հյուսիսային շրջանների վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» խմբավորումը 65 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, ինչն ամենախոշոր հարձակումն է օգոստոսի 25-ից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

Կեսօրից հետո հնչել է օդային տագնապի 48 ազդանշան։ Ուղղակի հարվածներ են հասցվել Քիրյաթ Շմոնա քաղաքին, հրթիռները դիպել են նաև Մալկիա, Ռամոտ Նաֆթալի և Բեյթ Հիլլել բնակավայրերին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ խոցել է հրթիռերից մի քանիսը, սակայն չի կարողացել խոցել մյուսները։

The Jerusalem Post-ը գրում է, որ մինչև օգոստոսի 25-ը «Հեզբոլլահ»-ը երբեմն մեկ օրում 100-200 հրթիռ էր արձակում Իսրայելի հյուսիսի ուղղությամբ, իսկ օգոստոսի 25-ին ծրագրում էր մոտ 1000 հրթիռ արձակել, սակայն ԻՊԲ-ն կանխարգելիչ հարված է հասցրել՝ ոչնչացնելով խմբավորման հազարավոր հրթիռներ։ Այնուամենայնիվ, այդ օրը «Հեզբոլլահ»-ին հաջողվել է արձակել 250-350 հրթիռ, ինչը Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային հարձակումն էր Իսրայելի վրա։

Ավելի վաղ ԻՊԲ-ն հաղորդել էր Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներ և հրթիռային կայանք ոչնչացնելու մասին։

2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր փոխադարձ գնդակոծություններ են տեղի ունենում նաև Լիբանանի և Իսրայելի սահմանին։ Երկու երկրների սահմանամերձ բնակավայրերից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում