Քաղաքականություն

Պատգամավորը հստակեցրել է, թե որ հարցերում Հայաստանը Ռուսաստանի հետ անհամաձայնություններ ունի

2 րոպեի ընթերցում

Պատգամավորը հստակեցրել է, թե որ հարցերում Հայաստանը Ռուսաստանի հետ անհամաձայնություններ ունի

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանությունը չի փոխել․ կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը սուր դիրքորոշումներ է հայտնել, կան նաև հարցեր, որոնց վերաբերյալ հարաբերությունները գործընկերային են:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանության մոտ Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանության հնարավոր փոփոխության, մեղմացման վերաբերյալ հարցին: 

«Այո, կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք սուր դիրքորոշումներ ենք հայտնել: Եվ կան հարցեր, որոնց վերաբերյալ կա ըմբռնում, կան գործընկերային հարաբերություններ: Ուստի, չեմ կարծում, թե աշխարհացունց բաներ են տեղի ունեցել, որի հետևանքով տոնայնություն կամ հռետորաբանություն է փոխվել: Կան հարցեր, որտեղ Հայաստանը դեռ ունի հարցադրումներ Ռուսաստանին: Դրանց շուրջ եղել են, կան ու, գուցե, էլի կլինեն սուր մեկնաբանություններ»,-ասաց Խանդանյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները միակողմանի չեն, բազմաոլորտ հարաբերություններ են, և տարբեր հարցերի շուրջ միշտ եղել են, կան ու կլինեն քննարկումներ:

«Ռուսաստանում կան պաշտոնյաներ, որոնք շարունակաբար խախտում են ոչ միայն դիվանագիտական էթիկայի կանոնները, այլ նաև կյանքի էթիկայի կանոնները: Վերջին շրջանի մի շարք ձևակերպումներ  և մեկնաբանություններ Հայաստանի հասցեին եղել են շատ անհարգալից: Եվ դրանք, բնականաբար, արձագանքի են արժանացել»,-հավելեց նա: 

Թե որ հարցերում Ռուսաստանի հետ անհամաձայնություն կա՝ Խանդանյանն ասաց. «Պաշտպանական, անվտանգային հարաբերություններում Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու: Թե՛ երկկողմ, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում հիմնական մեծ հարցը, որը Հայաստանն ունեցել է և ունի, դրա հետ են կապված»:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում